Դեկտեմբերի 7-ին Բարձր տեխնոլոգիաների նախարարությունում գործակցային հուշագիր են ստորագրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և հունական «Արատոս Գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը: Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և «Արատոս Գրուպի» նախագահի խորհրդական Կոստաս Պլատիկոստասը:
Հուշագրով նախատեսվող համագործակցության երկու հիմնական ուղղություններն են ՀԱԱՀ-ում ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագրի ներդրումը և համատեղ հետազոտական նախագծերի հայտերի մշակումն ու ներկայացումը ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերին:
Նիկոս Բոգոնիկոլոսը, կարևոր համարելով Ագրարային համալսարանի հետ գործակցության այս հնարավորությունը, նշել է, որ այն, ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի, նաև նպաստելու է համալսարանի կարողականության ընդհանուր զարգացմանը: Բոգոնիկոլոսը շեշտադրել է Հունաստանի հայկական սփյուռքի դերը Հայաստանի հետ համագործակցության, Ագրարային համալսարանը և, առհասարակ, Հայաստանը եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հույն գործընկերներին համագործակցության համար, ասել է, որ Ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարևոր է համարում կառավարության նորօրյա կրթական քաղաքականության բովանդակային իրականացման տեսակետից:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել «Արատոս Գրուպի» գործընկերներին: Ընկերության մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն ՀԱԱՀ-ի համար, որը ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: «Վստահ եմ, որ «Արատոս Գրուպի» հետ մեր գործակցությունը մեզ ավելի մրցունակ կդարձնի ազգային և եվրոպական կրթական միջավայրում»,- ասել է Ուռուտյանը:
Հունաստանցի գործընկերներն այնուհետև այցելել են համալսարան, հանդիպում ունեցել Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի հետ, ծանոթացել են Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրետեխնոլոգիաների ինկուբատորի, նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին: