Երևանի շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները առավոտյան հրաժարվել էին ղեկին նստել: Կանչի չգնալու պատճառը, վարորդների խոսքով՝ ցածր աշխատավարձն է: Երեք օրը մեկ հերթապահության համար ամեն հերթափոխին ստանում են 11300 դրամ: Այսինքն՝ ամսական 10 օր են աշխատում և ստանում 113.000 դրամ:
Ենթակայանի վարիչը վարորդների բողոքն օբյեկտիվ է համարում, սակայն խնդրի լուծման լավագույն միջոցը գործադուլը չէ՝ ասում է Կարինե Եգորյանը:
Կարինե Եգորյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ 6-րդ ենթակայանի վարիչ) - Իհարկե ցածր է աշխատավարձը, բայց եթե այս պահին իրենք կանգնեցին, չգնացին կանչի, աշխատավարձն ավելանալո՞ւ է:
«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը ծանոթ է բողոքողների պահանջին: Նշում է՝ աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես քննարկվում է: Ծառայությունում՝ վարորդից մինչև բուժաշխատող, բոլորի աշխատավարձի վերջին բարձրացումը եղել է 2020 թվականին՝ 10%-ով:
Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն)
- Երբ որ յուրաքանչյուր վարորդ ընդունվում է աշխատանքի, ինքը շատ լավ տեղյակ է լինում՝ ի՛նչ աշխատավարձով է գալիս աշխատանքի, ՛ինչ չափի ծանրաբեռնվածություն է լինելու իր աշխատանքում, որովհետև շտապօգնության աշխատանքը շատ անկանխատեսելի է:
Ստեփանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե կորոնավիրուսի պատճառով շտապբուժօգնության ծառայության վարորդների ծանրաբեռնվածությունը ավելացել է: Նկատում է՝ կորոնավիրուսով պայմանավորված կանչերի մեծ մասը սպասարկում է Քովիդ կենտրոնը:
2021 թ. հոկտեմբերին Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը սպասարկել է 25275 կանչ, որից կորոնավիրուսի հետ կապված են եղել 2714-ը:
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով վարորդների բողոքի ակցիային, անընդունելի է որակել այս գերլարված իրավիճակում աշխատանքի առժամանակ դադարեցումը.
«Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը: Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության 1-03 ծառայության բնականոն գործունեությունը»:
Շտապօգնության վարորդների գործադուլը մոտ 6 ժամ տևեց, նրանք համաձայնել են իրենց պահանջները գրավոր ներկայացնել, պայմանով՝ եթե առաջիկա 15 օրվա ընթացքում դրական պատասխան չլինի, կշարունակեն իրենց բողոքի ակցիան։
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան