44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտում է ընդդիմությունը: Այս համոզմանն է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից Արթուր Ղազինյանը դեռևս չի ստացել գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու անհրաժեշտ թույլտվությունը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք հապաղել ենք, որպեսզի իրենք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Տեսեք՝ ինչքան համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել. ընդդիմադիր մեր չորս գործընկերներից երեքը ստացել են, մեկը չի ստացել՝ պարոն Ղազինյանը, որովհետև չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իր հերթին մեղադրում է իշխանությանը: Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Արամ Վարդևանյանը հանձնաժողովի չևավորվելը կապեց Արթուր Ղազինյանին 9 անգամ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրելու հետ:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, կարծես թե, ունի իշխանական խմբակցության դիրքավորումից ելնելով, մեկ վճռական ելակետ, և դա Արթուր Ղազինյանին չընտրելն է, Դոնթի բանաձևի անտեսումն է: Նման տեսակ հարցեր են, այսինքն՝ հարցեր, որոնք որևէ մեկի համար կարևորություն չեն կարող ունենալ:
«Քաղաքացիական պայմանագրից» նշում են՝ իրենք գործընթացը դանդաղեցնելու նպատակ չունեն, ընդդիմության փաստաթղթերը կարգավորելու համար կսպասեն ևս մեկ շաբաթ: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցնում է՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին առաջինն իրենք են խոսել:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ինչ-որ մարմին ստեղծելու կարևորության և անհրաժեշտության մասին առաջինը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ անց, երբ նա ներկայացել էր Ազգային ժողով՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Խորհրդարանի մեկ այլ ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ թերահավատ է, թե գործող իշխանությունը կարող է պատերազմի հարցով օբյեկտիվ քննություն անցկացնել:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Այս իշխանության օրոք այդ թեմայով մենք վերջնական օբյեկտիվ քննություն չենք ունենալու, դա ակնհայտ է, բայց մենք չենք ապրում այսօրվա օրով, խնդիրը այսօրվա, վաղվա իշխանությունը կամ ընդդիմությունը չէ, Հայաստանի Հանրապետությունն է:
Պատասխանելով այս դիտարկմանը՝ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը:
Անդրանիկ Քոչարյան - Ես ուզում եմ հիասթափեցնել պարոն Աբրահամյանին և խորհուրդ տալ, քանի որ արդեն ինքն էլ ունի թույլտվություն, թող կարդա քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, և, կարծում եմ, դրանից հետո նման տեսակետ հնչեցնելը շատ դժվար է լինելու:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։
Անդրանիկ Քոչարյան - Մի՛ մոռացեք, որ մենք 15 հանրապետությունով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական քարտեզներ ռազմական, և այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որը վերաբերում էր Սովետական Միության զինված ուժերին: Բնականաբար, այն, ինչի մասին դուք խոսում եք, այդ քարտեզներից ունի նաև Հայաստանի Հանրապետությունը:
Թե դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում որտե՛ղ կլինեն ադրբեջանական դիրքերը, Քոչարյանը հորդորեց չշտապել և պնդեց՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան