Սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով: Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով: Տվյալը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:
«Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 12.2 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 17.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 9.4: Շինարարության ծավալն աճել է՝ 6.4, առևտրի շրջանառությունը նույնպես՝ 6.4 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 5.4 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.7 տոկոսով:
Առաջին ինն ամսում սպառողական գնաճը 6.7 տոկոս է, արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.8: Անկում է արձանագրել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.5 և էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2.7 տոկոսով»:
Արմեն Քթոյան, տնտեսագետ - Մենք ունեցել ենք ծանր ճգնաժամ, ունեցել ենք ծանր պատերազմ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով և այն, որ այսօր կարողանում ենք վերականգնվել, արդեն իսկ դրական է:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար անսպասելի էր գյուղատնտեսության անկումը, սակայն, միևնույն ժամանակ, նա կարևորում է արտահանման առաջանցիկ աճը:
Արտակ Մանուկյան, տնտեսագետ - Ունենք այս ցուցանիշներով արդեն իսկ 17.2 տոկոս արտահանման աճ: Սա չափազանց կարևոր է հատկապես գնաճային ճնշումների ֆոնին, որովհետև սա, ի թիվս այլոց, նշանակում է արտարժույթների ներհոսք և սա նաև որոշակիորեն փոխարժեքի կայունությանն է նպաստում:
Տնտեսագետները փաստում են, որ տնտեսական աճը զսպող գործոն է նաև համավարակի թվերի աճն ու միևնույն ժամանակ՝ պատվաստման ցածր տեմպերը:
Արմեն Քթոյան - Առաջիկա միջնաժամկետ հատվածի համար մեզ համար կարևոր է ամբողջությամբ հաղթահարել համավարակը կամ այսպես բերել կառավարելիության տիրույթ, ինչը հնարավորություն կտա, ըստ էության, ռեսուրսները, որոնք ներգրավված են դրանում, ազատել և ուղղել այլ ոլորտներ:
Արտակ Մանուկյան - Այնուհանդերձ, տարին լավագույն դեպքում մենք կամփոփենք 6 տոկոս տնտեսական աճով, որը նաև կառավարության կողմից նշված ծրագիր էր: Իհարկե, այս 6 տոկոսն էլ, եթե մենք ուսումնասիրենք մեր գործընկեր երկներում և մեր երկրում պատվաստումների մակարդակը և դրանով պայմանավորված որոշակի զարգացումները, կրկին, կարելի է ասել, էական վարքագծային փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի մենք կարողանանք այդ դրված սցենարին հասնել:
Ըստ Արտակ Մանուկյանի՝ գնաճի զսպման համար աշխարհում կենտրոնական բանկերի կիրառած վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն, իր հերթին, որոշակիորեն զսպում է տնտեսական ակտիվությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան