Առաջին անգամ 2022 թ. համար պետք է սահմանել բյուջե, որն ամբողջությամբ կառուցված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի վրա: Առաջնային է մակրոտնտեսական կայուն միջավայրի և բարձր տնտեսական աճ ապահովելու հարցը: Այդ մասին ԱԺ-ում նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2020-ը, կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությունից, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս կազմող պետական պարտք: Այդ հանգամանքն օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում Կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում:
Ըստ նախարարի՝ դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով զարգացման ծրագրեր իրականացնելն այն կարևոր նախապայմաններից է, որ պետք է ապահովի տնտեսական աճ: Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն՝ նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հարկային եկամուտները պետք է հասցվեն ՀՆԱ-ի 25 տոկոսին:
Տիգրան Խաչատրյան - Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ենթակառուցվածքներին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, հարցրեց՝ պետական պարտքի, գնաճի պայմաններում կապիտալ ծախսերի մեծացումն արդյոք ռիսկային չէ՞:
Տիգրան Խաչատրյան - Դուք արդարացիորեն խոսում եք ռիսկերի մասին, և ես նշեցի, որ ընթացիկ ծախսերը չգերազանցեն հարկային եկամուտները, քանի որ այդ դեպքում բոլոր ավելացումները կկատարվեն պարտք վերցնելու հաշվին:
Հենց այդ պատճառով էլ պարտք վերցրած փողը զարգացման ծրագրերում են օգտագործում՝ մանրամասնում է նախարարը, ավելացնում՝ ենթակառուցվածքները զարգացնելով տնտեսական ակտիվություն կապահովեն, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձ, կենսաթոշակ ու նպաստ:
Տիգրան Խաչատրյան - Կառավարության ծրագրում է գրված, որ միջին կենսաթոշակը պետք է հավասարվի սպառողական նվազագույն զամբյուղին, և մենք առաջիկայում դրա համար բավական միջոցներ ենք հատկացնելու:
Նախարարը շեշտում է՝ գնաճն անդրադառնում է բոլորի վրա, և այդպես հիմա ամբողջ աշխարհում է: Արդեն ճեպազրույցի ժամանակ նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց՝ գնաճն սպասելի էր, և Կենտրոնական բանկը կանի հնարավորը՝ 2022 թ. գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան