«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն առ այն, որ ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, և այդ մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ, ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ անգամ չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ: Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում:
Նշվում է, որ ո՛չ Կ. Սիմոնյանը, ո՛չ Ա. Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին:
Կ. Սիմոնյանը կազմակերպության տնօրենն է, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:
«Ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը՝ 50% և Գրետա Թադևոսյանը՝ 50%:
Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը, ապա այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար:
Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը:
Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ անտեղի շահարկումներից և ընկերության բարի համբավի վերաբերյալ ոտնձգություններից: Օրենքի խախտման կասկածների դեպքում կոչ ենք անում դիմել իրավապահ մարմիններին:
Ընկերությունն իր հերթին պատրաստ է տրամադրել ցանկացած տեղեկատվություն»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերության հայտարարությանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Հերթական անտեղի շահարկումն իմ անվան շուրջ չհաստատվեց»,- գրել է Սիմոնյանը: