ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստին անդրադարձել է Standard & Poor's կազմակերպության՝ Հայաստանին տրված գնահատականին:
«Առաջին տարին է, որ Standard & Poor's կազմակերպությունը վարկանշել է Հայաստանի Հանրապետությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ վարկանիշ՝ դրական հեռանկարով: Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moodis-ը, Fitch-ը և Standard & Poor's-ը: Ընդ որում, եթե Moodis-ի, Fitch-ի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն Հայաստանի վարկունակությանը, ապա Standard & Poor's-ի վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ Standard & Poor's-ի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման:
«Standard & Poor's-ը նշել է, որ հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումները եթե արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի, և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի կայունությունը:
Standard & Poor's-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս կապակցությամբ ավելացրեց. «Եթե մասնավոր ընկերությունները դրսից ֆինանսներ, այսինքն՝ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն ունեն, այս վարկավորման արդյունքում իրենք ավելի էժան վարկեր կստանան, որովհետև երբ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը որպես հուսալի գործընկեր՝ ելնելով ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական ցուցանիշներից, շուկաներում ավելի ցածր տոկոսով են առաջարկվում նրանց գումարներ»: