44-օրյա պատերազմ, պատերազմի հետևանքով ստեղծված ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակ, տարածաշրջանային հարցեր. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի թեմաներն են:
Քոչարյանը փաստեր է տեսնում, որոնք, ըստ նրա, խոսում են 44-օրյա պատերազմի հնարավոր պլանավորված պարտության մասին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախն անորոշության առաջ է կանգնած: Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ բանակցային սեղանի վրա, ու հիմա մեր երկիրն են քննարկում:
Ռոբերտ Քոչարյան (ՀՀ երկրորդ նախագահ) - Ես ամեն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է լինելու 3.5 տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը: Ինձ հետաքրքիր է, այս իշխանությունն ինքն իրեն այս հարցը տալի՞ս է:
Ռոբերտ Քոչարյանի համար 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովն անհրաժեշտություն է, իհարկե, ընդդիմության ակտիվ ներգրավմամբ:
Ռոբերտ Քոչարյան - Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահությունը չի վերականգնելու: Ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների:
Հանրապետության երկրորդ նախագահն անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերին՝ շեշտելով, որ իրենց նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը, որն արտահայտվելու է նաև փողոցային պայքարի տեսքով: Դիտարկմանը, որ ընտրություններին Քոչարյանը հրաժարվեց բանավեճից՝ ասելով, թե բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ է յուրաքանչյուր զենքի տեսակով, այսօ՞ր էլ երկրի առջև խնդիրների լուծումը տեսնում է Նիկոլ Փաշինյանի հետ դուելով, նա արձագանքեց:
Ռոբերտ Քոչարյան - Կար ժամանակ, երբ այդպես էին հարցերը լուծում՝ պատիվ պահանջելով: Մի քիչ ռոմանտիկ ժամանակներ էին, բայց դրա մեջ ինչ-որ բան կա: Մենամարտ՝ յուրաքանչյուր ֆորմատով:
Քոչարյանը պատասխանեց նաև Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարի մասին հարցերին: ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելու տարբերակն իր համար քննարկման ենթակա՞ է, թե՞ ՀՀ անկախությունն իր համար անսակարկելի արժեք է՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, թե հիմա ուղղակի պատրաստ չէ այդ հարցին միանշանակ պատասխան տալ:
Ռոբերտ Քոչարյան - Այն, ինչ տեսնում եմ հիմա, ինձ մոտ հարցեր են առաջացնում՝ մենք այս տեմպերով պետականաշինության բավարար ռեսուրս ունե՞նք ՀՀ-ում: Հիմա ես պատրաստ չեմ ձեր հարցին պատասխանել միանշանակ, ես կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք՝ մեր անկախությունն ինչքանով է հիմա վտանգված, և ինչ հեռանկարներ կան, վերլուծության կարիք կա:
Ի՞նչ է սպասում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավո՞ր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երկրորդ նախագահը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց:
Ռոբերտ Քոչարյան - Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել: Մեկ տարի պատերազմից հետո անցել է, և Հայաստանն այս մեկ տարին, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե շարունակում է մնալ տեսակետին, որ այն պետք է լինի առանց նախապայմանների: Նա հավելեց՝ ի ծնե հակաթուրքական տրամադրություններով չի եղել, բայց գիտակցել է, որ Թուրքիան սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար: Միևնույն ժամանակ շեշտեց, թե ճիշտ չի համարում մոտեցումը, որ ընդհանրապես Հայաստանը չպետք է հարաբերություն ունենա Թուրքիայի հետ:
Հեղինակ՝ Անի Օհանյան