ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արա Նռանյանին՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու: Հարցը քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասնական թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հատկանիշները և աշխատանքային գործունեությունը:
Ըստ Արա Նռանյանի՝ հանձնաժողովը պետք է ծավալի բոլոր կողմերի շահերը հավասարակշռող գործունեություն: Խոսելով էներգետիկայի ոլորտի խնդիրների մասին՝ Նռանյանը նոր ատոմակայանի կառուցումը դրական է գնահատել:
Ըստ նրա՝ ավանդական էներգետիկան առաջիկա տարիների համար այլընտրանք չունի, էներգախնայողությունը և այլընտրանքային էներգետիկայի զարգացումն անհրաժեշտ են, սակայն միայն դրանով հնարավոր չէ ապահովել էներգետիկ անվտանգության կայունությունը:
Թեկնածուն կարծիք է հայտնել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաև միասնական էներգետիկ շուկայի ձևավորման աշխատանքներին: Անդրադառնալով գազի ազատականացման խնդրին՝ զեկուցողը նկատել է, որ Եվրոպայում ընթացող գործընթացները ցույց են տալիս՝ համակարգի կայունությունը շատ ավելի կարևոր է:
Արա Նռանյանն անդրադարձել է նաև ջրային ոլորտում առկա խնդիրներին, խոսել ենթակառուցվածքների օգտագործման վճարների, փոստային ծառայության ու հեռահաղորդակցության խնդիրների մասին:
Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության արդյունքները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 75-ը: Քվեատուփում առկա էր 75 քվեաթերթիկ, որոնցից անվավեր չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 68 կողմ, 7 դեմ:
Արա Նռանյանն ընտրվել է ՀԾԿՀ անդամ: