Նախարարություններն այսօրվանից արդեն պիտի սկսեն 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի իրագործման գործընթացը, մասնավորապես, կապիտալ ներդրումների մասով՝ Կառավարության նիստում 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնկալում եմ, որ բոլոր այն մրցույթները, որոնք նախատեսված են 2022 թվականին ծրագրեր իրագործելու համար, այդ մրցույթները պայմանով, ինչպես թույլ է տալիս մեր օրենսդրությունը, օր առաջ կհայտարարվեն, որպեսզի հունվարի դրությամբ մենք արդեն մրցույթներում ունենանք հաղթողներ, որպեսզի գործընթացները բյուջեի կատարման հատվածն անպատեհ հետաձգումներ չունենա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ այսօր պետական գնումների գործընթացները տեղի են ունենում հնարավորինս թափանցիկ, արդար և ազնիվ:
«Սա այդ ոլորտում ներդրումներ անելու ամենակարևոր խթանն է, որովհետև մարդիկ գիտեն, որ որևէ մրցույթում հաղթելու համար պետք է ոչ թե նախապես պայմանավորվել, այլ նախապես ներդրումներ անել, որակավորվել և հիմնավորել, որ իրենք ի վիճակի են այդ ծավալի աշխատանքը որակով և ժամանակին անել»,- ասաց Փաշինյանը: