Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի շահառուների մի մասն իրեն խաբված է համարում:
Կառուցապատող ընկերության դեմ բողոքողները պնդում են՝ ավելի վաղ իրենց ներկայացված նախագիծը փոխվել է:
Հայկ Սմբատյան (Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի համալիրի շահառու) - Շենքի բակում նախատեսվում էր բակային տարածք, կանաչապատ տարածք, խաղահրապարակ, թենիսի կորտեր, շատրվաններ, այլ ենթակառուցվածքներ: Հիմա նոր փոփոխությամբ նախատեսվում է կառուցել երկու հարկանի 8 քոթեջ և այդ քոթեջները սպասարկող ճանապարհ: Փաստացի, շենքի բակային տարածքն ամբողջությամբ վերանալու է դրա հետևանքով:
Կառուցապատող ընկերության գրասենյակում ներկայացված մակետի վրա երևում են թվարկված ենթակառուցվածքները: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ համալիրի տարածքում լինելու է այն ամենը, ինչ խոստացել են, բացի լողավազանից:
Արման Մկրտչյան (կառուցապատող ընկերության ներկայացուցիչ) - Լողավազանը ենթադրում է սպասարկման ծառայություններ, դրան բնակիչներն էլ պատրաստ չեն: Մնացած ամեն ինչը լինելու է՝ շատրվանը, մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչապատ տարածքները, զբոսանքի համար նախատեսված վայրը. ամբողջը լինելու է:
1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատողի համար անհասկանալի է շահառուների բողոքը:
Արման Մկրտչյան - Մենք ամեն ինչ արել ենք ավելի շտապ, ժամանակից շուտ հասնելու համար, որ բոլորի համար լավ լինի: Թե իրենք ինչի են բողոքում՝ ես ինքս մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, որովհետև ամեն ինչ իր տեղում է լինելու:
Բողոքողները դեմ են նաև 8 քոթեջի կառուցմանը, ինչի թույլտվության համար կառուցապատողը դիմել է քաղաքապետարան: Շահառուները նշում են՝ դրանց հաշվին կրճատվելու է այն կանաչապատ տարածքը, որի համար իրենք նախընտրությունը տվել են հենց այդտեղ բնակարան ձեռք բերելուն:
Հայկ Սմբատյան - Փաստացի՝ խաբեություն է տեղի ունեցել. իրենց գրասենյակում կա մակետը, որտեղ կա բակային տարածքը, կա նախագիծ, որտեղ նույնպես այդ բակային տարածքը նախատեսված է: Եղել են ավելի մատչելի պայմաններով բնակարաններ, բայց այստեղ ենք բնակարան նախատեսել, որովհետև, ի վերջո, 1000 բնակարան նախատեսող այս համալիրում բակային տարածք է պետք:
Ռոման Մարգարյան (Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի համալիրի շահառու) - «Ինչ-որ անհասկանալի քոթեջներ են լինելու, էլի ինչ-որ թաղամաս: Մեր պահանջին, թե մեզ գծագիր ներկայացրեք՝ ինչքան մասն է լինելու քոթեջ, ինչքանը՝ ճանապարհ, չեն պատասխանում, որովհետև ակնհայտ երևում է, որ այստեղ չկա այդքան տարածք, որ և՛ մեր կանաչապատ տարածքը լինի, և՛ այդ քոթեջները լինեն:
Արման Մկրտչյանի խոսքով՝ քոթեջները մասամբ լինելու են հաստատված նախագծից ներս, մասամբ՝ դրանից դուրս:
Կառուցապատող ընկերությունը քաղաքապետարանից դեռ պատասխան չի ստացել, իսկ մինչև այդ բնակիչները պնդում են թույլ չեն տալու հաստատված նախագծի փոփոխություն, իրենց իրավունքները պաշտպանելու համար պայքարելու են օրենքով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակներով, պատրաստ են անգամ դիմել դատարան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան