Ավան հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը ցույց է տալիս Հայաստանում հոգեկան առողջության առաջին մանկական բաժանմունքը: Այստեղ խնդիրներ ունեցող փոքրիկները ստացիոնար բուժում են ստանալու:
Արեգա Հակոբյան («Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն) - Մնալու են առանց ծնողների, էստեղ լինելու են բուժքույրեր, հերթափոխ անձնակազմը՝ հիվանդապահ, հերթապահ բժիշկ:
Եթե, իրավիճակով պայմանավորված, կարիք լինի, որ ծնողն էլ երեխայի հետ մնա, այլ տեսակի սենյակներ էլ են առանձնացրել: Հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքը 12 փոքրիկի ստացիոնար բուժման համար է նախատեսված: Մինչև այս Արմաշում է գործել ժամանակավոր մանկական բաժանմունք, բայց այն չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին՝ ներկայացրեց առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք արդեն երկու տարի է՝ բավական նպատակասլաց կերպով աշխատում էինք, որ անպայման ունենանք այսպիսի պայմաններով ստացիոնար հնարավորություններ երեխաների համար: 2019-20 թթ. նաև բավականին իրավական հիմքեր փոխվեցին՝ հոգեկան առողջության շրջանում մի շարք հնացած մեթոդիկաներ և ոչ պատշաճ կարգավորումներ դուրս եկան: Մի կողմից այս առումով են բարեփոխումները, մյուս կողմից՝ բժշկական պայմանների ամբողջական փոփոխությունը:
Նախարարը կոնկրետ թիվ չնշեց, բայց ասաց՝ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներով երեխաներն ու դեռահասները քիչ չեն: Խնդիր է նաև այն, որ մարզերից էլ բոլոր այդ երեխաներին միայն այս մեկ կենտրոն պետք է բերեն՝ ստացիոնար բուժման անհրաժեշտության դեպքում:
Անահիտ Ավանեսյան - Հիմա մենք աշխատում ենք ամբողջ հանրապետությունով ծառայության ռեֆորմի վրա: Աշխատելու ենք, որ և՛ հեռաբժշկության միջոցով, և՛ էստեղի արդեն ստեղծված կենտրոնի մասնագետների ավելի սերտ աշխատելով մեր մարզային ԲԿ-ների, ամբուլատորիաների հետ, կարողանանք ապահովել այն ծառայությունները, որոնք կարող է քաղաքացին իր բնակության վայրում ստանալ, այնտեղ ստանա և ստիպված չլինի Երևան հասնել:
Մարզերում հոգեկան առողջության մանկական բաժանմունքներ բացելը խնդիր չէ, ասում է նախարարը, խնդիրը այդ բաժանմունքները մասնագետներով համալրելն է: Հայաստանում մանկական հոգեբույժների պակաս կա:
Նախարարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ այս մասնագիտության ընտրությունը խրախուսելու համար: Նորաբաց բաժանմունքի ղեկավարը, որ նաև բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչն է, ասում է՝ ուրախալի փաստ կա, բժշկականի ուսանողները սկսել են ավելի հաճախ ընտրել մանկական հոգեբույժի մասնագիտությունը:
Արթուր Մկրտչյան («Ավան» հոգեկան առողջության մանկական բաժանմունքի ղեկավար)- Մեզ մոտ գալիս են անցնելու շատ լավ կլինիկական օրդինատորներ, որը մեզ բավականին հույս է տալիս, որ կարող ենք ծառայության մակարդակը գնալով բարձրացնել:
Նորաբաց բաժանմունքի աշխատանքներում նաև կլինիկական օրդինատորներն ընդգրկված կլինեն: Այս պահին մանկական բաժանմունքում արդեն բուժում է ստանում 4 երեխա: Երեքշաբթիից կընդունեն նաև ստացիոնար բուժման կարիք ունեցող այլ փոքրիկների: