Եթե սոցիալական ցանցում կասկածելի աղբյուրը շահում է խոստանում, ապա պետք չէ շտապել ու տրամադրել անձնական տվյալները. մասնագետների խորհուրդն է խարդախությունից զերծ մնալ ցանկացողներին:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Մարդկանց ուղարկում են կեղծ հղումներ, իբր՝ շահում է ինչ-որ Ինստագրամում: Մարդ ոգևորված լրացնում է իր գաղտնաբառը՝ մտածելով, որ Ինստագրամի իր էջ է մուտք գործում, բայց, իրականում, կեղծ էջ է, եթե հասցեն նայի, կհասկանա:
Տեղեկատվական անվտանգության փորձագետն արձանագրում է՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում և այլ հարթակներում դարձյալ ակտիվացել են անձնական տվյալների գողության դեպքերը: Տիրանալով օգտատիրոջ մասին գաղտնի տեղեկությանը՝ խարդախություն իրականացնողը գումար է պահանջում՝ դրանք չհրապարակելու դիմաց:
Սամվել Մարտիրոսյան - Մարդուն ուրախացնում են, որ ինչ-որ մի հայտնի բրենդ որոշել է բաժանել նվերներ. սովորաբար դա լինում է հեռախոս կամ գումար: Այստեղ մարդ ուրախանում է, շարունակում է քլիքով առաջ գնալ ու ինչ-որ մի պահի իրենից կարող են ուզել բանկային քարտի տվյալները կամ էլի ինչ-որ մի գաղտնաբառ:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը կոչ է անում նման հաղորդագրություն ստանալիս վիրտուալ իրավիճակը նախ համադրել իրական կյանքի հետ:
Գևորգ Հայրապետյան (ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ) - Եթե իրենք դրսում իրենց մոտեցած անծանոթին չեն տրամադրի իրենց անձնագրի պատճենը, ապա պետք է ձեռնպահ մնալ նաև համացանցում որևէ մեկին անձնագրի պատճենը տրամադրելուց, եթե որևէ մեկին չեն տրամադրի իրենց բանկային քարտի տվյալները, ապա պետք չէ դա անել համացանցում:
Գործակալությունը տարեկան հաշվետվության մեջ ընդգծել է անձնական տվյալների պատշպանության վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը: Այդ ուղղությամբ հիմնական քայլերն իրականացնում են հենց սոցցանցերի միջոցով:
Գևորգ Հայրապետյան - Գործակալությունը ֆեյսբուքյան էջ ունի, որն ամենաակտիվն է, բայց ներկայացված է նաև այլ էջերում: Գործակալությունը ներկայացված է նաև Ինստագրամում, Տելեգրանում, բոլոր այն հարթակներում, որտեղից հայ օգտատերերը շատ են օգտվում: Անում ենք նաև ուսուցումներ:
Մասնագետները ևս մեկ անգամ հորդորում են՝ համացանցում խարդախության զոհ չդառնալու համար պետք է չտրամադրել անձնագրի տվյալներ, սոցիալական ցանցերի գաղտնաբառեր, բանկային քարտի տվյալներ:
Յուրաքանչյուր նման հաղորդագրության մոտենալ վերապահումով և կասկածի դեպքում դիմել տեղեկատվական անվտանգության փորձագետների օգնությանը: