Հաճախ ուշացող, ծանրաբեռնված, քաղաքացիներին անհայտ ժամանակացույցով աշխատող հասարակական տրանսպորտով ու խցանումներով է սկսում երևանցու օրը. քաղաքային տրանսպորտի խնդրի արդիականությունը տարիների ընթացքում չի վերանում: Կես ժամից մինչև մեկ ժամ մարդիկ կարող են սպասել երթուղայիներին՝ ճարահատյալ օգտվել բարձր սակագնով տաքսիներից:
Երևանում տրանսպորտի խնդիրն անվերջ ճգնաժամի է նմանվում, մարդիկ շարունակ բողոքում են, քաղաքային իշխանությունը՝ խոստումներ տալիս: Տարբեր տարիներին շարժակազմերն ավելացվում են, բայց խնդիրը չի լուծվում: Երևանի քաղաքապետանն այսօր էլ չի հերքում, որ խնդիր կա, տեղյակ է նաև խցանումների ու տրանսպորտի ուշացումների մասին: Խնդիրը երթևեկության ծանրաբեռնվածությունն ու տրանսպորտային միջոցների սահմանափակ քանակն է՝ վստահեցնում են քաղաքապետարանից:
Էդգար Գալստյան, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ - Այս տարիներին ընթացքում մասնավորը գրեթե չի թարմացրել իր պարկը, չի հիմնանորոգել, հիմնական նորոգումներ չի արել, այլ ընթացիկ նորոգումներով է պայմանավորել իր շարժակազմերի շահագործումը: Տարիների ընթացքում մեքենաներն ավելի ինտեսիվ են շարքից դուրս գալիս և, հետևաբար, դուրս գալիս նաև երթուղիներից:
Հնամաշ տրանսպորտային պարկով սպասարկող ընկերությունները հնարավոր է փոխարինվեն քաղաքապետարանի նոր ներկրվող ավտոբուսներով: Էդգար Գալստյանի խոսքով՝ Երևան համայնքն աշխատում է, որ մինչև տարեվերջ 8.6 մետր երկարությամբ 211 ավտոբուս արդեն մայրաքաղաքում լինի: Սակայն խնդիրն այն է, որ միայն շարժակազմեր ավելացնելով քաղաքային տրանսպորտի խնդիրը չի կարգավորվի: Տրանսպորտային համակարգի իդեալական սպասարկման համար Գալստյանը մի քանի կետ է նշում՝ վարորդներից մինչև այլընտրանքային ճանապարհների ստեղծում:
Էդգար Գալստյան - Միասնական տոմսային համակարգ, եթե ունենք շարժակազմ, չունենք միասնական տոմսային համակարգ, ապա խնդիր կունենանք: Ընդհանուր հավաքակայան, որտեղ ժամանակին կիրականացվեն տեխնիկական սպասարկում, լիցաքավորումները և այլն, ճանապարհափողոցային ցանց՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված հատուկ գիծ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը թվերով է խոսում արդեն կատարած աշխատանքի մասին՝ օգոստոսին վերգետնյա տրանսպորտի թիվը 550-600 էր, այսօր 850-ից ավելի է, բայց խոստովանում է՝ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, անելիք շատ կա: