Միացյալ Նահանգների կառավարությունը 2021-ին Ուկրաինային կհատկացնի 463 մլն դոլար երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ապակենտրոնացման ծրագրերի իրականացման, ինչպես նաև մոտ 60 մլն դոլար՝ անվտանգության ոլորտի աջակցության համար: Այս մասին փոխանցում է Настоящее Время-ն:
«Ուկրաինայում բարեփոխումների իրականացումը խթանելու համար ԱՄՆ կառավարությունը 2014-ից Ուկրաինային մոտ 2 մլրդ դոլար օգնություն է հատկացրել զարգացման համար և մտադիր է նաև այս տարի ավելի քան 463 մլն դոլար օգնություն ցուցաբերել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ապակենտրոնացման, սեփականաշնորհման և դատական բարեփոխումների համար»,- նշվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Կրեմլում գնահատել են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի ծրագրերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ օգնություն ցուցաբերելու պատճառ կարող են լինել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունն ուժային տարբերակով կարգավորելու փորձի առումով Կիևի անկանխատեսելի գործողությունները: Այս ամենի մեջ Դմիտրի Պեսկովը վտանգ է տեսնում: