Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտության նոր տեսակ է ներդրվել: Այն իրականացվում է ուռուցքների վիրահատության ժամանակ, հնարավորություն է տալիս տեղում ներվիրահատական ուսումնասիրություն անել և խուսափել չախտահարված հանգույցների հեռացումից: Այս դեպքում թե՛ վիրահատությունը, թե հետվիրահատական փուլը հիվանդի համար առավել քիչ տրավմատիկ են դառնում:
Մհեր Կոստանյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ) - Ֆլուորեսցենտային հետազոտությունները համարվում են նորագույն, այսինքն՝ գերժամանակակից հետազոտություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուռուցքաբանության մեջ: Դրանք համարվում են բազմակիրառելի հետազոտություններ, ունեն կիրառման մի շարք ոլորտներ, բայց հիմնականում մենք կիրառելու ենք դեռևս երեք ոլորտում:
Օրինակ՝ վահանաձև գեղձի վիրահատության ժամանակ առանց այս ուսումնասիրության կարող են հեռացվել նաև այնպիսի հանգույցներ, որոնց բացակայությունը հետագայում զգալի խնդիրներ է առաջացնելու:
Մհեր Կոստանյան - Պատկերացրեք, եթե էս գեղձերը վիրահատության ժամանակ հեռացվեն՝ հարվահանագեղձերը, հիվանդը ամբողջ կյանքում ունենում է շատ ծանր բարդություն՝ հիպոպարաթիրեոզի ձևով, դա արտահայտվում է կալցիումի մակարդակի նվազմամբ, ու հիվանդը ստիպված է ամբողջ կյանքում ընդունել կալցիում՝ անհրաժեշտ մակարդակը արյան մեջ պահելու համար:
Ներվիրահատական այս հետազոտությունը կատարվում է վիրահատությունից առաջ երակներում հատուկ նյութի ներարկմամբ, ինչից հետո սարքի լույսի տակ երևակվում է այն ամենը, ինչը բժիշկներին թույլ է տալիս որոշել՝ տվյալ հատվա՞ծն էլ վիրահատել, թե՞ ոչ: Ներվիրահատական հետազոտության այս մեթոդը Հայաստանում նոր են սկսել կիրառել՝ մոտ մեկ ամիս առաջ:
Նարեկ Մանուկյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն) - Վիրահատության ծավալն է փոքրացնում, հաշմանդամության հավանականությունն է փոքրացնում, որ էն մարդիկ, ովքեր կարող էին հաշմանդամ դառնալ, արդեն տվյալ խնդրից խուսափում են: Որոշակի տեղակայման ուռուցքների դեպքում ինքը բուժական ազդեցություն ունի: Կարճ ասած՝ ժամանակակից ուռուցքաբանության մեջ շատ կարևոր դերակատարում ունեցող սարք է:
Վերջին երկու տարվա ընթացքում Ուռուցքաբանության կենտրոնը ձեռք է բերել մոտ 80 նոր սարքավորում: Տնօրենն ասում է՝ շարունակելու են կենտրոնը համալրել բոլոր այն սարքերով, որոնք կիրառվում են աշխարհում և առավել արդյունավետ դարձնում հիվանդի բուժման գործընթացը: