Աշխարհին գիտությամբ ճիշտ ներկայանալու, գիտական աշխատանքներում գրագողությունները բացառելու համար ԲՈԿ-ն իր ծրագիրն ունի: Բարձրագույն որակավորման կոմիտեն ցանկանում է ոլորտում բարեփոխումներ սկսել: Հայաստանում առաջիկա տարիներին ներդրվելու է կարգ, ըստ որի նրանք, ովքեր ատենախոսություններում գրագողություններ են կատարել, կզրկվեն գիտական աստիճանից:
Կարեն Քեռյան (ԲՈԿ նախագահ) - Եթե նրանք պլագիատով դոկտորական ունենան, նրանց պաշտպանությունից 5, թեկուզ 10 տարի անց, եթե բացահայտվի, հնարավոր կլինի աստիճանից զրկել:
Գիտական կոչումների կարգում բացեր կան, շատ դրույթներ 2 ձևով է հնարավոր մեկնաբանել: Փորձում են կարգը փոխել:
Կարեն Քեռյան - Աստիճանաշնորհման կարգում բավականին փոփոխություններ անելու կարիք կա, դրա վրա աշխատանքներն արվում են: Մի փոքր ավելի ուշ դրան կհասնենք:
Մինչ այդ փորձում են փոփոխել գիտական ամսագրերի պահանջները, որ դրանք դասվեն միջազգային ճանաչում ունեցողների շարքին:
Կարեն Քեռյան - Խմբագրակազմի վրա հստակ պահանջներ դրվեն, ամփոփագրերի վրա, որ հստակ օտար լեզվով լինեն ու պարբերությամբ առնվազն 150 բառ պարունակեն: Այս պահին էլ այդ պահանջը կա, բայց ամփոփագրերը կարող են լինել մեկ տող ու ոչինչ չասեն տվյալ հոդվածի մասին:
Տարբեր ոլորտների հոդվածների չափանիշները տարբերակված չեն, սակայն դա էլ գուցե փոխեն: Դրանք պետք է լինեն իրագործելի, սակայն ոչ շատ հեշտ:
Կարեն Քեռյան - Մերժումների տոկոսը շատ կարևոր ցուցանիշ է, որը ոչ մի կերպ մեր մոտ հաշվի չի առնվում: Պատկերացրեք կամայական հոդված, որը տրվում է ամսագրին և տպագրվում է: Բնականաբար, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ:
ԲՈԿ-ում բարեփոխումների ծրագրի քննարկումները սկսվել են, խոստանում են հերթով դրանք իրականացնել:
Հեղինակ՝ Անի Ավագյան