Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում՝ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Հայ-ադրբեջանական պետական սահմանից շարունակվում են մտահոգիչ լուրերը զոհերի մասին: Վերահաստատում ենք անհապաղ դեէսկալացիայի, զսպվածության, սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ մեր կոչը: Պատրաստ ենք աջակցել»,- նշել է Կլարը Թվիթերում:
*****
Սերգեյ Լավրովը ռուսական փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում:
Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ մեխանիզմի շուրջ: «Այնտեղ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և մայրուղիների վերականգնման ուղղությամբ: Հետևաբար, խնդրում ենք առավել սերտորեն դիտարկել այդ տարածքը: Իմ կարծիքով՝ դա ակնհայտորեն տնտեսական խթան կհանդիսանա, իհարկե՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։
*****
Հյուսիսային Խորասանի կոոպերատիվների պալատի նախագահ Էբրահիմ Ղորբանին ISNA-ին տված հարցազրույցում ներկայացրել է նահանգից առևտրային պատվիրակության Հայաստան այցի արդյունքները: Ըստ պաշտոնյայի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Հյուսիսային Խորասանի հետ առևտրի զարգացման, իսկ Հյուսիսային Խորասանում՝ Հայաստանի հետ առևտրի զարգացման գրասենյակներ բացել: Ղորբանին շեշտել է, որ Հայաստանը դեպի ԵԱՏՄ դարպաս է, և Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը: Օտարերկրյա ներդրողների համար նահանգում ապահովվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները, առաջիկայում Հյուսիսային Խորասանում հայկական զբոսաշրջային ընկերություն է գրանցվելու: Նախքան Հայաստան պատվիրակություն ուղարկելը ուսումնասիրվել են հայկական շուկայի հնարավորություններն ու կարիքները: Պատվիրակության կազմում ներգրավված են եղել տարբեր ոլորտների արտադրողներ, ովքեր հայ գործընկերների հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ղորբանին ընդգծել է նաև, որ ՀՀ հետ հարաբերությունների ընդլայնման առավելություններից մեկը Երևանում իրանական բանկի առկայությունն է: