Աշխարհում Հայաստանը համարվում է կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, ամեն 1 կմ քառակուսու վրա հանդիպում է բարձրակարգ բույսերի 107 տեսակ:
2010 թ. հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված 452 տեսակ բույս ունենք: 10 տարի անց պատկերը գուցե փոխված լինի, բայց թարմ վերլուծություն չկա՝ ուսումնասիրությունները երկարատև աշխատանք ու մեծ ֆինանսներ են պահանջում:
Իսկ Կարմիր գրքում արդեն տեղ գտածները պահպանելու և քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու համար հունիսի 5-ից գործարկվել է նաև Հայաստանի բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը՝ iOS և Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։
Ինտերակտիվ քարտեզն էլ հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը: Գործում է նաև հետադարձ կապ, որի միջոցով բոլորը կարող են մասնակցություն ունենալ կարմիրգրքային տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Օրինակ՝ դաշտում հայտնաբերել եք անծանոթ որևէ տեսակի բույս, լուսանկարեք, փոխանցեք տեղեկությունը:
Նախարարությունից հիշեցնում են՝ Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի, քաղաքացիների նկատմամբ` 80.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150.000 դրամի: