Խստացվում է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսազատ պայմաններում պահման նկատմամբ: Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել կենդանական աշխարհի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նոր նախագիծը: Նախագիծը, հեղինակների պնդմամբ, կլրացնի օրենքում առկա բացերը, ու կնվազեցնի վարչարարությունը:
Ոսկեհատ Գրիգորյան (ՇՄՆ կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Նախաձեռնությունը սկիզբ է առել դեռևս 2015 թվականի աղմկահարույց, միջազգային մամուլում տեղ գտած՝ Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու դեպքերից, և աղմկահարույց դեպքից հետո լուրջ վերանայման և, մասնավորապես, անազատ պայմաններում կենդանիների պահման իրավակարգավորումները վերանայելու խնդիր առաջացավ:
Ոլորտի խնդիրներով մտահոգված մարդիկ փաստում են, որ Գյումրու կենդանաբանական այգու դեպքը միակը չէ, բոլորովին վերջերս միջազգային տարբեր լրատվամիջոցներ գրեցին Արմավիրի մարզում բանտարկված արջի մասին:
Մարիամ Տաշչյան (Econews բնապահպանական կայքի խմբագիր) - Մեր հասարակությունը, եկել ա ժամանակը, որ գիտակցի, որ դա ընդհանրապես քաղաքակիրթ որևէ երկրում ընդունելի տարբերակ չի, ու պետք է փոխենք մեր մոտեցումները:
Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ՝ անազատ, կիսազատ պայմաններում կենդանիներ կարող են պահել միայն լիազորված մարմնի թույլտվությունն ստացած անձինք:
Ոսկեհատ Գրիգորյան - Պահման թույլտվության տրամադրման հիմքում դրված են լինելու խիստ կանոններ, պահանջներ և պայմաններ, որոնք սահմանափակելու են ամեն պատահական, կամայական մեկի մոտ կենդանու հայտնվելու, ինչպես նաև դրանց հետագայում պահելու իրավունքները:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսությունը թույլատրել առանց արտոնագրի՝ հաշվի առնելով տարեցների զբաղվածության հարցը:
Նախագիծը կհեշտացնի նաև տեսչական մարմնի աշխատանքը:
Օրինագծով սահմանվել է 1 տարի ժամանակահատված, որի ընթացքում վայրի կենդանիներ պահող և իրավական ակտերի և ծագման հետ կապված խնդիրներ ունեցող անձինք առանց ծագումը հաստատող փաստաթղթի դիմեն նախարարություն և ստանան պահման թույլտվությունը:
Հեղինակ՝ Սաթենիկ Հովհաննիսյան