Օգոստոսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021 թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ Հաղորդագրությունը տարածել է «Հայաստան» դաշինքը: Ըստ դիմումատուների՝ Ալեն Սիմոնյանի ընտրությունը լեգիտիմ չէ, քանի որ իրենց գործընկերները, որոնք կալանավորված են, չեն եղել լսված և չեն մասնակցել ընտրությանը: Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը նշում է՝ ԱԺ պատգամավորները նման դեպքերում ՍԴ դիմելու լիազորություններ ունեն, բայց տվյալ դեպքում դիմումն անհիմն է:
Արտաշես Խալաթյան, սահմանադրագետ - ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը կարող է ԱԺ-ի իրավական ակտերը վիճարկել, սակայն դիմումն ինքնին անհիմն է, քանի որ դիմումատուներն ակնհայտորեն նենգափոխել են պատգամավորության անձեռմնխելիության ինստիտուտը, որը վերաբերում է պատգամավորական կարգավիճակ ստանալուց հետո քրեական հետապնդման հարուցման դեպքերին, երբ անհրաժեշտ է, որ Գլխավոր դատախազը քրեական հետապնդում սահմանելու կամ պատգամավորներին ազատությունից զրկելու համար ստանա ԱԺ-ի համաձայնությունը: Տվյալ դեպքում՝ խոսքը վերաբերում է նախքան պատգամավորական անձեռնմխելիություն ստանալը քրեական հետապնդման հարուցմանը և անձի կալանավորմանը:
Նշում է՝ երբ իրավաչափ եղանակով ու ընթացակարգով պատգամավորը քրեական հետապնդման ու կալանավորման է ենթարկվում, վերջինիս լսված լինելու իրավունքը տվյալ դեպքում չի կարող ապահովվել, շեշտում է՝ տվյալ ընթացակարգ օրենսդրությամբ էլ չկա:
Այս դիմումի համատեքստում համացանցում տարածվում է լուսանկար, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը սրճարանում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի ու ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ: Արդյո՞ք օգոստոսի 4-ին տեղի ունեցած հանդիպումը կապ ունի ՍԴ դիմումի հետ հարցին ի պատասխան Էդգար Ղազարյանը նշում է՝ չի զբաղեցնում որևէ պաշտոն և կարող է հանդիպել ցանկացած ընկերոջ հետ:
Էդգար Ղազարյան, ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար - Ես պատրաստ չեմ բացատորւթյուններ տալ իմ մասնավոր հանդիպումների վերաբերյալ: Հրայր Թովմասյանի և Աղվան Վարդանյանի հետ ունեմ անձնական բարեկամական հարաբերություններ և կաշկանդված չեմ իմ ընկերների հետ հանդիպելու և ընտրելու ցանկացած վայր այդ հանդիպումների համար:
ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հետ կապ հաստատել չկարողացանք, իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց՝ եթե այդ հանդիպմանն այլ հարցեր քննարկելիս լինեին, այլ տեղում կհանդիպեին:
Աղվան Վարդանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հանդիպումը եղել է մի քանի օր առաջ՝ ԱԺ-ի կողքի սիրահարերի այգու Աչաջուր սրճարանում, որտեղ դասամիջոցներին լինում են բազմաթիվ պատգմավորներ, նաև ՔՊ-ի պատգամավորներից: Վստահեցնում եմ՝ այդ սրճարանը գաղտնի հանդիպումների վայր չէ: Ես իմ վաղեմի բարեկամների հետ սուրճ խմում, զրուցում եմ մշտապես:
Ավելացնում է՝ հանդիպումներին գործական հարցեր չեն քննարկում, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի հետ չեն քննարկել ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցնելուն ՍԴ ուղղված դիմումը:
Ի դեպ՝ այդ դիմումը դեռ պետք է ստուգվի և եթե համապատասխանի դիմելու համար սահմանված չափանիշներին՝ ՍԴ-ն 6-ամսյա ժամկետ ունի գրավոր ընթացակարգով այն քննելու համար:
Արտաշես Խալաթյան - Դիմումի քննման ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով՝ դառնալով 9 ամիս:
Սահմանադրագետը նշում է՝ եթե այն ընդունվի և հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունենա, աշխատանքային որոշմամբ ՍԴ-ն այն կարող է քննել նաև բանավոր ընթացակարգով: