Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ նոր նախագիծ է սկսել, որը եթեր կհեռարձակվի Առաջին ալիքի նոր եթերաշրջանում:
«Գաղափարից մինչև բիզնես» նախագիծը հնարավորություն կտա նորարարական ու ստեղծարար նախագծերի հեղինակներին ստանալ դրամաշնորհներ ու դառնալ ճանաչելի:
Նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրով նպատակ ունի երիտասարդության շրջանակներում խթանել ձեռներեցությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող սկսնակ ընկերությունների ու թիմերի համար նախագիծը դրամաշնորհներ ստանալու աննախադեպ հնարավորություն է: Ոլորտի կայացած մասնագետները կգնահատեն մասնակիցների գաղափարները և յուրաքանչյուր շաբաթ մեկ կամ մի քանի նախագիծ կշահի մինչև 10 մլն դրամ: Հեռուստանախագծի մեկ եթերաշրջանի ընթացքում կշնորհվի մինչև 250 մլն դրամ:
Աննա Օհանյան, Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար - Այն հայկական հեռուստատեսության համար նոր ձևաչափ է, որտեղ հեռուստադիտողի աչքի առաջ դրամաշնորհի համար պայքարում են հետաքրքիր ՏՏ գաղափարներ ունեցող կազմակերպությունները: Այս ծրագիրը մեկն է տնտեսական ուղղվածության ծրագրերից, որոնք լինելու են Հանրայինի նոր եթերաշրջանում:
Առաջին ալիքի նոր եթերաշրջանի մասին փակագծերը դեռ ամբողջական չեն բացվում, սակայն Հանրայինը շարունակում է մեդիաբովանդակությունը մշակել «Հանրայինը՝ հանրության համար» սկզբունքով:
Աննա Օհանյան - Հանրության յուրաքանչյուր խումբ կգտնի իրեն հետաքրքիր բովադակություն և կդիտի իր հետաքրքրություններին համապատասխան հեռուստաարտադրանք: Օրինակ՝ ՏՏ ոլորտով հետաքրքրվողները կարող են դիտել ու տեսնել, թե ինչպես են իրենց գաղափարի իրականացման համար պայքարում իրենց գործընկերները:
«Գաղափարից մինչև բիզնես» նախագծի մասնակիցների նորարակական գաղափարները կգնահատեն ոլորտում տասնյակ տարիներ աշխատած առաջատար ընկերությունների հիմնադիր ժյուրիի 4 անդամները: Սակայն կան նաև ժյուրիի գաղտնի անդամներ, որոնց նախագծի մասնակիցները չեն տեսնում:
Արտավազդ Մինասյան, «Գաղափարից մինչև բիզնես» նախագծի ժյուրիի անդամ - Հեղափոխական ազդեցություն է ունանալու Հայաստանում բիզնես միջավայրի ձևավորման զարգացման համար ու, պատկերացնում եմ, որ 5 տարի հետո, նաև այս նախագծի շնորհիվ, Հայաստանում հազարավոր նոր բիզնեսներ են ստեղծվելու, որոնք հասնելու են մեծ հաջողությունների: Նորարարական գաղափարներ շատ եմ լսում:
Նարեկ Վարդանյան, «Գաղափարից մինչև բիզնես» նախագծի ժյուրիի անդամ - Նման հաղորդումներ պետք է շատ լինեն ու, կարծում եմ, սա առաջին նախադեպն է, որ Հանրայինով նման հաղորդում է ցուցադրվում: Կարծում եմ՝ շատերը պետք է սովորեն, պետք է հավատան իրենց ուժերին, հասկանան, որ բնակվելով Հայաստանում՝ ունեն մեծ հնարավորություններ, կարող են օգտվել ու կառուցել մեծ ընկերություններ:
Հաղորդումը վարում է հայտնի հաղորդավար ու երաժիշտ Գարիկ Պապոյանը, որը տարբեր հարցերի միջոցով փորձում է հասկանալ ստարտափների կիրառումն իր ու ընդհանրապես՝ հանրության կյանքում:
Հանրայինի «Գաղափարից մինչև բիզնես» նախագծին մասնակցելու համար հինգ տասնյակից ավելի հայտեր կան: