Կապիտան Դավիթ Մովսիսյանն արդեն 1 ամիս է առավոտյան հագնում է համազգեստը, կենտրոնակայանից ստանում օրվա ցուցումներն ու անցնում Պարեկային ծառայության իրականացմանը: Կապիտանը ոստիկանության համակարգում է 12 տարի, նշում է՝ Պարեկային ծառայության աշխատանքն ամենաբազմաֆունկցիոնալն է. ոչ միայն օրենքն են պահպանում, այլև քաղաքացիներին են օգնում:
Դավիթ Մովսիսյան, կապիտան - Քաղաքացին ընկել էր, ոտքն էր վնասել: Առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք, մինչև շտապօգնությունը մոտեցավ, տեղափոխեցինք հիվանդանոց: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր քաղաքացիները ծառայության բարձր որակը տեսնեն:
Երևան քաղաքում ծառայություն իրականացնող այս և մյուս բոլոր մեքենաների գտնվելու վայրերն արտացոլված են Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի համակարգի էկրանին: Գնդապետը հստակ գիտի՝ ծառայողները ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ են անում:
Արթուր Ումրշատյան, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ - Գույները ցույց են տալիս, թե կոնկրետ տվյալ պարեկային մեքենան ինչ բնույթի գործողություն է իրականացնում, օրինակ՝ կանաչը պարեկության գույնն է, կարմիրը՝ արդեն խնդիր է կատարում, դեղինը՝ մոտենում է դեպքի վայրին:
Ծառայության պետի խոսքով՝ իրենք որդեգրել են հասարակությանը հասկանալու և աջակցելու մոտեցում, սակայն մեկ ամիսը կարճ ժամանակահատված է համարում ծառայության արդյունավետությունը գնահատելու համար:
Արթուր Ումրշատյան - Պահանջներն ամբողջովին գնահատում ենք, հասկանում ենք, մենք ամենակարող չենք, բայց ամենակարողի հոգեբանություն ունենք, այնպես որ ամեն ինչ լավ է լինելու, ես վստահ եմ:
Քաղաքացիներն արդեն իսկ նկատում են նոր ծառայության դրական կողմերը: Նրանցից ոմանք նաև իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացնում պատկան մարմիններին:
Ինչ խնդիրներ էլ, որ հայտնաբերվել են ծառայության ընթացքում, բոլորը ցուցակագրել է Արդարադատության նախարարությունը: Նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հավաստիացնում է՝ դրանք լուծման գործընթացում են:
Քրիստինե Գրիգորյան, ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ - Ծառայությանը զուգահեռ՝ ադապտացիոն վարժություններ են տեղի ունենում, երբ ավելի ստաժավոր ծառայողներն իրենց գործընկերների հետ կիսվում են որոշակի փորձառությամբ: Իրենք արագ են սովորում, կարևորը մոտիվացիան է, որ ծառայողներն ունեն և հետևողական մոտեցումը, որը մենք չենք դադարեցնելու:
Պարեկային ծառայության մեկամսյա գործունեությունն ի հայտ է բերել նաև որոշակի օրենսդրական և սպառազինության հետ կապված բացեր: Դրանց մի մասը կամ արդեն շտկվել է, կամ նախատեսվում է կարգավորել առաջիկայում:
Պարեկային ծառայությունը 2022 թվականից կգործի նաև Շիրակի և Լոռու մարզերում: Ծառայության անցնելու համար արդեն դիմել է 200-ից ավելի քաղաքացիական անձ, այնտեղ աշխատելու ցանկություն ունեցողների շրջանում մեծ է նաև ոստիկանության համակարգում ծառայողների թիվը:
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ոստիկանության կրթահամալիրում՝ մինչև օգոստոսի 27-ը:
Մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը նախատեսվում է գործարկել Հանրապետության ամբողջ տարածքում։