Մենք պարտավոր ենք ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, և երրորդ փոխխոսնակի պաշտոնը պետք է անցնի ընդդիմության ներկայացուցչին: Այս մասին ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը համաձայնության են եկել, այս պահի դրությամբ նրանք միասնական թեկնածուով են հանդես եկել»,- ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք իշխող խմբակցության համար կան սկզբունքային հանձնաժողովներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է, որ հենց իր թեկնածուն նախագահի:
«Այո՛, կան, և այդ որոշումը մենք ներսում ունենք: Յուրաքանչյուր սցենարի պարագայում պատրաստ ենք»,- ասաց Սիմոնյանը: