«Յոթը սարի հետևում». թումանյանական փառատոն, որի ընթացքում պետք է յոթ սար անցնես, որ հայկական թաքնված գանձեր, մոռացված ավանդույթներ գտնես: Հովհաննես Թումանյանի թանգարանը երկրորդ անգամ կանցկացնի հայրենագիտական, ճանաչողական մրցույթ-փառատոնը:
Աշոտ Հարությունյան («Յոթը սարի հետևում» մրցույթ-փառատոնի ղեկավար) - Փառատոնի մասնակից երեխաները և մեծերը բացահայտում են հայրենիքի, ընտանիքի պատմությունը, այն պատմությունը, որը արժեք է, թաքնված է, ուսումնասիրված չէ:
Հայաստանից, Արցախից ու սփյուռքից 15 տարին լրացած հետախույզ մասնակիցները գտնում են իրենց համայնքի անհայտ գանձերը, ներկայացնում մրցույթի, փորձում դրանք հանրայնացնել: Մասնակցելու գլխավոր պայմանը բնակավայրը սիրելն է:
Աշոտ Հարությունյան - Մեր ամբողջ նպատակը ոչ միայն հավաքելն է, այլև այնպես անել, որ մասնակիցները խորամուխ լինեն հայրենի բնակավայրի ուսումնասիրության մեջ: Գտնեն ու վերաիմաստավորեն իրենց բնակավայրի հիշողությունները, մշակութային ժառանգությունները:
Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ: Անցած տարի ուսումնասիրվել է 150-ից ավելի ժառանգություն: Եղել են դեպքեր՝ մասնակիցներն այնպես են գյուղը խառնել, անտեսված հուշարձանը սկսել է բոլորին հետաքրքրել: Այժմ համայնքապետարանը զբաղվում է կոթողի պահպանությամբ:
Անի Եղիազարյան (Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն) - Սա նաև խաղային մեթոդ է, որը ժամանակին կիրառել է Թումանյանը: Ուսումնասիրվող նյութը, թվում է թե, Թումանյանից հեռու է, բայց այդքան էլ չէ, նաև իրականացման մեթոդիկան է թումանյանական:
Մրցույթն իրականացվում է մի շարք թանգարանների, կազմակերպությունների հետ միասին: Կազմակերպիչները կգնահատեն մասնակիցների կատարած աշխատանքը, հաղթողներին սպասում է դրամական պարգևատրում: Այժմ ներկայացվում են դիմումները, շուտով կսկսվեն ուսումնասիրությունները, արդյունքներն էլ կամփոփվեն սեպտեմբերին: Թանգարանում հույս ունեն փառատոնը դարձնել ամենամյա:
Հեղինակ՝ Անի Ավագյան