Հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել անհապաղ, առանց նախապայմանների՝ Ադրբեջանին Նիդերլանդների կառավարության պահանջն է հիշեցրել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանն ու հավելել, որ դա է պահանջում միջազգային իրավունքը: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենք ջանքեր են գործադրում նաև Եվրամիության շրջանակներում: Նիկոլաս Սխերմերսը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, հայտարարել է.
Նիկոլաս Յակոբ Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան) - Հակամարտության վերջնական լուծում կարող է համարվել երկարատև խաղաղությունը: Նիդերլանդները՝ որպես Եվրամիության և ԵԱՀԿ անդամ, նաև Մինսկի խմբին աջակցելով, ջանք չի խնայում օգնելու հասնել երկարատև խաղաղության: Բայց երկու երկրների պատասխանատվությունն է գտնել հակամարտության լուծումը Մինսկի խմբի համանախագահության ներքո: Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերից, փորձել ենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու համար: Նիդերլանդները փորձել է ԵՄ-ի միջոցով ֆինանսական միջոցներ ուղղել Հայաստանին:
Մի շարք ուղղություններով Նիդերլանդները հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: Սխերմերսը նշեց, որ փորձում են աշխատել սեփական ծրագրերով՝ թիրախավորելով տարբեր ոլորտներ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:
Նիկոլաս Յակոբ Սխերմերս - Քննարկվում են մի շարք ծրագրեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ: Փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ օգնենք Հայաստանին ավելի բարելավել ժողովրդավարական կառույցների աշխատանքը: Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Դեսպանի խոսքով՝ Նիդերլանդների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը մեծանում է:
Նիկոլաս Յակոբ Սխերմերս - Եվրոպացի ներդրողները փնտրում են անվտանգություն, օրենքի գերակայություն, թափանցիկություն. դա թույլ է տալիս նրանց պլանավորել ապագան, հասկանալ, թե ուր են գնում իրենց վճարած հարկերը: Հայաստանում կա այդ մթնոլորտը, մենք էլ աշխատում ենք ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Այդ գործոնների ապահովմամբ ներդրումների ակտիվությունը կմեծանա:
Նիկոլաս Սխերմերսի բնորոշմամբ՝ ժողովրդավարությունը Հայաստանում կյանքի է կոչվել ու ընթացքի մեջ է: Նա որպես օրինակ հիշեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը, երբ մարդիկ ազատ էին փողոց դուրս գալու, սեփական կարծիքն ու մտահոգությունը բարձրաձայնելու հարցում: «Այս առումով Հայաստանին պայծառ ապագա է սպասում»,- կարծում է դեսպանը:
Սխերմերսը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մինչ այդ արդեն որոշ ուղղություններով նախնական աշխատանքներ տարվել են: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Համաձայնագրում ներառված են բազմաթիվ դրույթներ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության մասին: