Նիդերլանդները շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցում: Դա վերաբերում է ժողովրդավարության, օրենքի գերակայությսն, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին: Այս մասին ասել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը այսօր՝ հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ դեսպանի՝ իր երկրի ուշադրության կենտրոնում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման խնդիրն է: Ի դեպ, Նիդերլանդներն աշխարհում երկրորդ տեղում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով:
Սխերմերսը չի թաքցրել, որ հիացած է «Թումո» կենտրոնի գործունեությամբ, զարգացման ծրագրերով և կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների ՏՏ ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը: Ամստերդամի ուշադրության կենտրոնում է նաև զբոսաշրջության հարցը, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կառավարելի է:
Դեսպանի խոսքով՝ Նիդերլանդներում մեծանում է Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրությունը, որը պայմանավորված է նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքով: Դեսպանի համոզմամբ՝ եվրոպական երկրների ներդրումների ակտիվությունը կմեծանա, եթե Հայաստանն ապահովի թափանցիկություն և հստակություն:
Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: