ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՇԵՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին անհատ ձեռնարկատերերի և նոտարների փոխհատուցման շեմը իջեցվում է: ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով թեթևացվում է ավելի քան 33 հազար շահառուի ֆինանսական բեռը:
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ
Մարզպետների գործունեությունն առավել հաշվետու դարձնելու համար ևս օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք այսօր օրենքի ուժ ստացան: Ներդրվում է նրանց գործունեության կառավարման առավել արդյունավետ համակարգ և սահմանվում, թե ում են ենթարկվելու:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Առաջարկում ենք «Տարածքային կառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ, ըստ որոնց՝ նրանք հաշվետու են լինելու նաև այն փոխվարչապետին, ում ոլորտի համակարգման տակ կլինի մարզպետների գործունեությունը:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՐԳ
Եթե նախկինում բազմաբնակարան շենքերում ներքին և արտաքին փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ էր անխտիր բոլոր բնակիչների համաձայնությունը, ապա արդեն բավարար կլինի կեսից ավելիի դիրքորոշումը: Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի համահեղինակ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունը կանխատեսելիություն կապահովի բազմաբնակարան շենքերում ներդրում իրականացնողների համար:
Արտակ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մենք փորձում ենք 50% + 1 ձայնի դեպքում հնարավորություն տալ, որպեսզի, երբ բազմաբնակարան շենքի բնակիչների մեծամասնությունը համաձայն է, որ այդ փոփոխությունն իրականացվի՝ իրականացվի: Սա նաև ժողովրդավարական փոփոխություն է:
Երկրորդ ընթերցմամբ չընդունվեց միայն Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած օրինագիծը: Առաջարկվում էր ոչ մի դեպքում չօրինականացնել համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ ցանկացած կառույց:
ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2020-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդարանը նիստի ավարտին հաստատեց նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հունիսի 30-ին սկսած և երկու օր տևած այս արտահերթ նիստը, հավակնում է դառնալ 7-րդ գումարման Ազգային ժողովի մասնակցությամբ վերջինը:
Այս կազմով խորհրդարանը աշխատեց 2.5 տարի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան