Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մոտ 70 հրթիռ: Կիևում 11 մարդ զոհվել է, 46-ը՝ վիրավորվել: Փլուզվել է ինըհարկանի շենքի մի քանի հարկ: Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի մարզում թիրախավորել է ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները: Միևնույն ժամանակ գերատեսչությունը հայտնել է գիշերն ուկրաինական 500-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին:
Զանգվածային հարվածների են ենթարկվել Լենինգրադի և Յարոսլավլի մարզերը: Լենինգրադի մարզում թիրախավորվել է երկու նավահանգիստ: Յարոսլավլում 2 մարդ է վիրավորվել: Ղրիմում կան 1 զոհ, երկու վիրավոր:
Հարվածների ֆոնին հայտարարվել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ: Գագաթնաժողովը կկայանա հուլիսի 7-8-ը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ քննարկել իրավիճակը ռազմաճակատում և դիվանագիտական ջանքերը:
Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է մոտ 1,5 ժամ: Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է եղել ուկրաինական կարգավորման թեմային՝ նաև հաշվի առնելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփի առաջիկա մասնակցությունը: ԱՄՆ նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը: Պուտինն էլ նշել է, որ նախընտրում է հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով ռուսական սկզբունքային մոտեցումները: Երկու ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, պայմանավորվել են շարունակել շփումները:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: