Երևանի 12 միջնակարգ դպրոցներում իրականացվել է իրազեկման ծրագիր, որը վերաբերում է դեռահասների շրջանում կախվածությունների կանխարգելմանը: Ծրագիրն իրականացվել է «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության համատեղ ուժերով:
«Միջին թվաքանակով նաև 9000-ից ավելի ծնող տեղեկացվել է կախվածությունների մասին: Ծրագրի առաջին բաժնում ծնողներին ներկայացրել ենք սոցիալական ցանցերում տիրող իրավիճակը, երկրորդ մասում ներկայացվել են կախվածության հոգեբանական կողմերը»,- ասուլիսում ասաց «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանը:
Իրազեկման աշխատանքներն իրականացրել են ուսուցիչների և ծնողների հետ:
«Աշակերտների հետ երբեմն «հակագովազդը նաև գովազդ է» սկզբունքն այս պարագայում կիրառելով՝ հասկացանք, որ նախ առաջինը պետք է իրազեկել ծնողներին, խոսել մեծերի հետ, ներկայացնել իրավիճակը, փորձել գտնել լուծումներ»,- ասաց Երեմյանը:
Ասուլիսի բանախոսներից Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն էլ խոսեց կախվածության տեսակներից մեկի մասին:
«Մեր կենտրոնի վիճակագրական տվյալներով՝ այս պահի դրությամբ հաշվառված թմրամիջոցներից կախվածություն ունեցող երեխա կամ դեռահաս չկա: Բայց ուսանողության շրջանում թմրամիջոցների գործածումն ավելացել է: Մեր վիճակագրական տվյալներն ամբողջական պատկեր չեն արտահայտում: Դա պայմանավորված է նրանով, որ շատերը խուսափում են դիմել բուժհաստատություններ՝ բուժում ստանալու նպատակով»,- ասաց Նազինյանը: