«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց դեռահասների, երիտասարդների շրջանում կախվածությունից ու շեշտեց խնդիրների մասին բարձրաձայնելու կարևորությունը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում, օրինակ, թմրամիջոցներից կախվածության դեպքերը հասարակության ներսում կոծկվում են:
«Գերադասում ենք հայտարարել, որ 17-18 տարեկան երեխան սրտի կանգից է մահացել, բայց երբեք ու երբեք չենք ասում, որ երեխան մահացել է թմրանյութի գործածումից: Դա մեր ազգային բնութագիրն է: Նման ակցիաների նպատակը հետևյալն է՝ ներկայացնել հասարակությանը, որ կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է և ճիշտ ժամանակին հոգեբանին, մասնագետին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել: Եթե չբարձրաձայնենք խնդիրը, հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Երեմյանը:
Հոգեբան Իլոնա Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ թմրամիջոցներից կախվածության խնդիրը կարող է հատկապես սրվել հետպատերազմյան շրջանում:
«Կախվածությունը հիվանդություն է: Այս խնդրին բախվում ենք ու բախվելու ենք հատկապես հետպատերազմյան շրջանում: Մեր երիտասարդները տեսել են այդ վախերը, տագնապները: Փորձելու ենք դրանք փոխարինել կամ սփոփել թմրանյութի և ալկոհոլի միջոցով: Մեր աշխատանքը ծնողների հետ կայանում է նրանում, որ չդրդեն երեխային՝ ավելի խորացնեն հիվանդությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն իր հերթին կոչ արեց ծնողներին ուշադիր լինել, հետևել երեխաների ակտիվությանը սոցիալական ցանցերում:
«Հետևեք երեխաների սոցիալական էջերին, երեխաներին գալիս են նվեր-առաջարկներ, թմրանյութեր առաջարկող նվերներ: 15-16 տարեկան դեռահասներին առաջարկում են այս կամ այն տիպի թմրանյութը, օրինակ, որպես ծննդյան նվեր»,- ասաց նա: