Էդմոն Մարուքյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացիներին՝ ընտրություններին մասնակցելու համար, երկրորդ՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք ձայնը տվել են ԼՀԿ-ին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը վստահեցրեց՝ երբեք չեն զղջալու իրենց կուսակցությանն ընտրելու համար: Շարունակելու են գործել որպես արտախորհրդարանական ուժ, եվրոպական իրենց խողովակներով աշխատելու են հանուն, ոչ թե ընդդեմ՝ նշում է Մարուքյանը:
Դու կարող ես ժողովրդի որոշմանը համաձայն չլինել, բայց չես կարող հաշվի չնստել: Ընդունում են՝ համերաշխության օրակարգը Հայաստանում պարտվել է՝ ասում է Մարուքյանը:
Էդմոն Մարուքյան - Հայաստանում հաղթել են մուրճի և մանգաղի օրակարգերը: Ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման ԱԺ-ն բաղկացած է լինելու Փաշինյան, Քոչարյան, Սարգսյան ուժերից, ուրեմն կլինի էդպես:
ՍԴ չեն դիմի, վստահ են՝ չի եղել այնպիսի ընտրակեղծիք, որ ազդի ընդհանուր պատկերի վրա:
Էդմոն Մարուքյան - Էն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ դիմել, հայտարարել են, որ մանդատ վերցնելու են: Հետևաբար իրենք էլ են ընդունում էդ արդյունքները, ՍԴ են դիմում, վիճարկելու հարցեր ունեն, թող վիճարկեն:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանի ընտրությանը մրցող ուժերի ձեռամբ ընտրությունը դարձավ հանրաքվե՝ հեղափոխությունը վերհաստատելու կամ մերժելու համար: Ժողովուրդը վերահաստատեց:
Էդմոն Մարուքյան - Մարդիկ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով հանդերձ՝ ընտրեցին նրան, որ հետ չգան նրանք, որ չլիներ հեղափոխության ռեվերս:
Վստահ է՝ անցողիկ շեմը կհաղթահարեին: Պատկերը փոխվել է քարոզարշավի վերջին 3 օրը:
Էդմոն Մարուքյան - Մենք ժողով էինք անում, 2 օր առաջ Եղեգնաձորի գրասենյակ էին գնացել, որ ուզում էինք ձեզ ընտրել, տեսանք վերջին հանրահավաքը, մտածեցինք ձայն տալ, հանկարծ հետ չգան:
Ըստ Մարուքյանի՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կարող է և մասնակցեն, սակայն ոչ բոլոր տեղերում: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն էլ, բացի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի դարձնելու ձևաչափ մշակելու հարցից, այլ քննարկում չեն ունեցել:
Էդմոն Մարուքյան - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությանը մասնակցել է 25 ուժ, անցել է 3-ը, պետք է լսելի դարձնեն ձայնը: Ասաց՝ կա նման գաղափար: Ասացի՝ լավ գաղափար է, արեք, մենք էլ կքննարկենք:
Աշխատանքի առաջարկ կամ նմանատիպ քննարկում ևս չի եղել, չի էլ ակնկալում, որ կլինի: Ֆանտազիայի ժանրից են՝ շեշտում է Մարուքյանը:
Էդմոն Մարուքյան - Հենց հիմա ես աշխատանք չեմ փնտրում, կուսակցութունն էլ շատ մեծ գործ ունի՝ իր անելիքները վերաիմաստավորելու և վերադասավորելու իմաստով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան