Ես իմ ընտրությունը դեռ 33 տարի առաջ եմ կատարե, և իմ վերաբերմունքն այսօր էլ չի փոխվել, - ասաց անվանակից թոռան հետ ընտրատեղամաս եկած Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման:
Լրագրողների հարցերը երրորդ նախագահին անթիվ-անհամար էին. կարճ պատասխանեց, խոստացավ ընտրական օրվա ավարտին հայտարարություն անել:
Հայաստանի չորրորդ և գործող նախագահը իր ընտրությունը լուռ և առանց մեկնաբանությունների կատարեց: Արմեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում:
8/7 ընտրատեղամասում էլ քվեարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Ընտրության արդյունքներն ինչպիսին էլ լինեն, հանրությունն ընդունելու է դրանք՝ վստահ է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանը քվեարկելու էր եկել կնոջ և մանկահասակ դստեր հետ: Ասաց՝ քվեարկում են հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի: Անվտանգության խորհրդի քարտուղարը ընտրական ու հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Հնարավոր չի անցկացնել ազատ, արդար ընտրություններ և ակնկալել, որ կլինեն սրացումներ: Ազատ, արդար ընտրությունները հենց երաշխիքն են, որ կայուն շրջան անցնենք, վաղվանից արդեն էլ ավելի կայուն լինի: Նրանք, ովքեր էդպիսի բաներ են կանխատեսում, կրկնեմ, որ նրանց տրամաբանությունը տեղավորվում է հենց հին Հայաստանի տրամաբանության մեջ, 96 թվականի տրամաբանության մեջ, մնացածները մտածում են 98-ի, 2008 տրամաբանության մեջ: Ասաց՝ ցանկացած սադրանք կասեցվելու է իրավապահների կողմից:
Աստծո սերը, օրհնությունն ու ողորմությունը մեր հայրենիքին ու մեզ ամենքիս՝ ընտրության նախօրեին իր ուղերձում ասել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու վաղ առավոտյան քվեարկության գնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված առատացնի բարի օրերը մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն հզոր հայրենիքի կերտման գործին։