Վանաձորի 7-րդ դպրոցի աշակերտները այսուհետ փողոցը կհատեն առավել անվտանգ: Դպրոցը գտնվում է Մ_6 միջպետական մայրուղու հարևանությամբ՝ ամենաբանուկ հատվածներից մեկում: Ըստ վիճակագրության՝ այս հատվածի վթարների ու վրաերթերի թիվը բավականին մեծ է, ուստի վերնանցում կառուցելը անհրաժեշտություն էր:
Լուսիկ Սարգսյան (թիվ 7 դպրոցի տնօրեն) - Ամեն օր 300 աշակերտ, ուսուցիչ, ծնող այս վերգետնյա անցումով օրվա մեջ առնվազն 2-3 անգամ անցնում է: Սա խիստ մեծ նշանակություն ունի մեր դպրոցի համար, քանի որ մեր սովորողների անվտանգությունն է առաջին հերթին ապահովվում:
Աշակերտները փողոցն անվտանգ անցնելու համար հաճախ ուսուցիչների կամ ծնողների օգնությանն էին դիմում, ինչն իր հերթին որոշակի անհարմարություններ էր առաջացնում. հիմա դրա անհրաժեշտությունը չկա, ծնողներն ասում են՝ երեխաներին հանգիստ սրտով դպրոց են ուղարկում:
Անուշ Սեդրակյան (ծնող) - Երեխաս 5-րդ դասարան ա, շատ բարդություններով էինք բերում, մի կերպ անցկացնում, անգամ մեծերիս համար էր դժվար, ես էլ էի՝ ինքս վախենում, հիմա շատ ոգևորված ենք, շատ ուրախ ենք, շատ հանգիստ ենք, անգամ տանից դուրս չենք գալիս երեխային ճանապարհելու համար:
Մարիամ Իգիթյան (ծնող) - Սա մեր փոքրիկների ապահովության համար էր, որ հոգեպես հանգիստ ուղարկես տուն, գիտես, որ փողոց անցնելու խնդիր չկա, վերգետնյա անցում կա:
Ծնողներն արդեն հանգիստ են, բայց ուսուցիչները մինչ օրս չեն մոռանում տարիներ առաջ կատարված վթարի դեպքերը. աշակերտներից մեկը վթարի էր ենթարկվել հենց դպրոց գալու ճանապարհին, մյուսը՝ ծնողի հետ փողոցն անցնելիս:
Լուսիկ Սարգսյան - Հենց այստեղ՝ այս հատվածում, երեխան հենց անցումի վրա, ընկել էր մեքենայի տակ, և այդ տարի դպրոց չհաճախեց, մյուս տարի եկավ և այդպես էլ առողջական խնդիրները մնացին: Սա սերունդների համար է. մի սերունդ չի օգտվելու այս վերգետնյա անցումից, և կարծում եմ, որ իր նշանակությունը դեռ շատերը կզգան:
Վերգետնյա անցումի շինարարությունն իրականացրել է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության ներդրած 35 միլիոն դրամով: Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը ևս վերակառուցվել և շահագործման է հանձնվել վերջերս. դպրոցի այսօրվա տեսքն ապահովելու համար ներդրվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան