Կրթության գերատեսչությունը որոշել է բուհերի ֆինանսավորման նոր մոդել մշակել: Կարծում են՝ գործող համակարգն արդարացված չէ: Երբ բուհի բյուջեի 65-70 տոկոսը աշխատավարձի ֆոնդն է, մնացածն էլ՝ պահպանման ծախսը, այն չի կարող զարգանալ:
Կարեն Թռչունյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Աշխարհը շատ արագ է զարգանում, և մենք պետք է շատ արագ արձագանքենք կրթության բովանդակությանը, բայց դա էլ իր հերթին պետք է ունենա որոշակի ֆինանսական կոմպոնենտ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր մոդելն այժմ քննարկում է բուհերի ղեկավարների հետ: Վերլուծում են համալսարանների ռեսուրսները, տեղերի հատկացումը, արդյունավետ բաշխումը:
Կարեն Թռչունյան - Այդ բանաձևի մեջ հիմնական բաղադրիչներից մեկը դասախոս-ուսանող հարաբերությամբ ֆինանսավորման մեխանիզմը փոփոխելն է:
Փոխնախարարի խոսքով՝ հնարավոր է՝ որոշ բուհերի, օրինակ՝ արվեստի կրթական ծրագրեր իրականացնողների համար այլ բանաձև ևս մշակվի: Նման քննարկում ունեցել են վերջերս:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն առաջարկում է, որ իրենց բուհը ամբողջական պետական ֆինանսավորման անցնի:
Սոնա Հովհաննիսյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր) - Մեր ուսուցումը չպետք է պայմանավորված լինի ֆինանսներից, քանի որ շատ անգամ գալիս են կարիքավոր ընտանիքներից, դժվարություններ ունեցող: Մենք ստիպված զեղչում ենք: Առաջանում են ավելորդ լարումներ բարձր բալերի, պետպատվերում նրանց ընդգրկելու հետ կապված:
Այսօր Կոնսերվատորիան 40 տոկոսով ֆինանսավորվում է պետությունից, 60 տոկոսով՝ բուհի վարձավճարներից: Այստեղ դասերն անհատական են: Մեկ ուսանողի հետ մեկ դասախոս է աշխատում:
Սոնա Հովհաննիսյան - Եթե այլ ինստիտուտների դասախոսի աշխատավարձը ձևավորվում է մի ամբողջ աուդիտորիայի գումարից, մեզ մոտ այդպես չէ: Սա բացառիկ, անհատական երաժիշտներ կրթելու համակարգ է:
Ռեկտորի խոսքով՝ կոնսերվատորիա կարող են լրացուցիչ ֆինանսներ մտնել, եթե այն ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածվի: Այդ դեպքում կկարողանան ծավալել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն: Հարցն այժմ քննարկումների փուլում է:
Փոխնախարար Թռչունյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ կոնսերվատորիան ամբողջովին պետական ֆինանսավորման կանցնի: Նման առաջարկ ստացել են նաև բնական և ճշգրիտ գիտությունների մասնագիտացումների համար:
Կարեն Թռչունյան - Այն, որ մենք պետք է կարողանանք համարժեք որակյալ կրթության համար ներդնել համապատասխան ֆինանսներ՝ փաստ է:
Առաջարկը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, սակայն քննարկելու են, հետազոտեն: Ամեն բան կախված է արդյունքներից:
Հեղինակ՝ Անի Ավագյան