Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում հեռուստաբանավեճերի անցկացման համար Մարզահամերգային համալիրում Առաջին ալիքը կառուցում է Հանրայինի պատմության մեջ թերևս ամենամեծ տաղավարներից մեկը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հանրայինը բաց հեռարձակում է ապահովելու նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և մեր գործընկերների համար, որպեսզի մաքսիմալ շատ մարդիկ կարողանան դիտել հեռուստաբանավեճը:
Հանրայինի թիմը նախապատրաստական աշխատանքը սկսել է շաբաթներ առաջ, սակայն չէր կանխատեսում, որ նման աննախադեպ ծավալի՝ 26 քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին: Միջազգային գործընկերների հետ որոշվեց՝ մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ 13-13, կանցկացվի 4 դեբատ: Հունիսի 8-ին, 11-ին կլինի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հեռուստաբանավեճը, իսկ հունիսի 16-ին ու 17-ին՝ առաջնորդների:
Հովհաննես Մովսիսյան - Ցանկացած քաղաքական ուժ, լինի դաշինք, թե կուսակցություն, հնարավորություն է ունենալու երկու անգամ մասնակցել դեբատներին: Առաջին դեբատների դեպքում առաջին տասնյակից որևէ ներկայացուցիչ՝ ազատ են ընտրության մեջ քաղաքական ուժերը, իսկ երկրորդ դեբատի դեպքում արդեն տվյալ քաղաքական ուժի առաջին համարների դեբատներ են լինելու:
Տիգրան Վիրաբյան (Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր) - Այս նախագծված և կառուցվող տաղավարը Հայաստանում իր մասշտաբներով ամենամեծն է, բայց, այնուամենայնիվ, այս տաղավարը հնարավորություն ունի ընդունելու 13 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ոչ ավելին: Դրանից ավել ուղղակի հնարավոր չի կազմակերպել նկարահանումը:
Առաջնորդների դեբատի դեպքում քաղաքական ուժերը կբաժանվեն խմբերի՝ ըստ արդարադատության նախարարությունում գրանցման ամսաթվի: Առաջին խմբում կլինեն ավելի վաղ գրանցված 13 կուսակցությունները: Ներկայացուցիչների հեռուստաբանավեճի դեպքում խմբերի բաժանումը կկայանա ԿԸՀ վիճակահանությամբ հաստատված ցանկի համաձայն. առաջին խմբում կլինեն քվեաթերթիկի 1-13 համարները, երկրորդ խմբում՝ 14-26-ը:
Տաղավարային բազմաֆունկցիոնալ լուծումներ են սպասվում:
Տիգրան Վիրաբյան - Էկրանի այս հատվածում լինում է հեռուստաբանավեճի վերնագիր և որպես կարողանան հետհաշվարկը դիտել և ծանոթանան, թե քանի վայրկյան ունեն խոսելու, որովհետև մեկ րոպեից սկսած սկսում է հետհաշվարկը: Այս հիմնական հատվածում հատակի, որտեղ նույնպես լեդ էկրաններ են, տեղադրված լինելու է ընտրողների տեղամասեր, ընտրատեղամասերի մասով է լինելու գրաֆիկա:
Առաջին ալիքը հեռուստաբանավեճերը կազմակերպում է միջազգային փորձի հիման վրա՝ միջազգային գործընկերների օգնությամբ ու նաև խորհրդատվական աջակցությամբ:
Հովհաննես Մովսիսյան - Միջազգային փորձը մեզ համար շատ կարևոր է, հատկապես նման նուրբ քաղաքական հաղորդման դեպքում պետք է ուսումնասիրություն արվի, և ամենալավ փորձը բերվի Հայաստան, որպեսզի մենք նաև խնդիր չունենանք հավասարության հետ, օբյեկտիվության հետ:
Առաջինի գործընկերների համար հատուկ թրեյնինգներ անցկացնելու ու փորձով կիսվելու համար այստեղ է նաև հեռուստաբանավեճերի կազմակերպման բազմամյա փորձով հայտնի միջազգային փորձագետ Ջեֆ Ֆոքսը: Նա Հանրայինին աջակցել է նաև 2018-ի արտահերթ ընտրությունների դեբատի անցկացման ժամանակ:
Ջեֆ Ֆոքս (հեռուստաբանավեճերի միջազգային փորձագետ) - Այժմ շատ ավելի էմոցիոնալ միջավայրում ենք: Հայաստանն այժմ շատ դժվար փուլում է՝ հակամարտությունը, համավարակը, տնտեսական հետևանքները: Մարդիկ առաջնորդների, լուծումների և պատասխանների կարիք ունեն, նրանք ուզում են ավելի լավ ապագա ունենալ: Ուստի այս անգամ տարբերությունը լինելու է այս ընտրություններին և բանավեճին ուղեկցող էմոցիոնալ իրավիճակը: Հանրային հեռուստաընկերության և վարողների մարտահրավերը լինելու է այն, որպեսզի զգացմունքները չստվերեն բանավեճը: Եվ կրկին՝ կարևորը գաղափարներն են, ապագան և հույսը:
Հեռուստաբանավեճեր վարողների ընտրությունը կատարվել է հատուկ ֆոկուս խմբերի միջոցով. միջազգային գործընկերները հարցումներ են իրականացրել: Արդյունքում հեռուստաբանավեճերի մոդերատորներն են լինելու Պետրոս Ղազարյանն ու Բելգիայում Հանրայինի լուրերի թղթակից Լիլիթը Գասպարյանը: Մոդերատորները միջազգային գործընկերների հետ արդեն հասցրել են առցանց հանդիպման մասնակցել ու քննարկել բանավեճի անցկացման առանձնահատկությունները:
Լիլիթ Գասպարյան (Առաջին ալիքի «Լուրերի» թղթակից) - Բոլորս էլ գիտենք՝ հեշտ բանավեճ չի սպասվում, բայց հիմնական նպատակը այս բանավեճի, որպեսզի Հանրայինի տրամադրած հարթակի միջոցով հասարակությունը կարողանա տեղեկանալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին, իրենց տեսլականին Հայաստանի ապագայի վերաբերյալ:
Առաջին ալիքը կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների համար նաև տեխնիկական ճեպազրույց էր կազմակերպել՝ ներկայացնելով, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, ինչ կանոններով են լինելու հեռուստաբանավեճերը, ինչպես կարող են մասնակցել:
Ջեֆ Ֆոքս - Հայաստանի քաղաքացիների ֆոկուս խմբերի հարցման արդյունքում պարզեցինք՝ նրանք ցանկանում են քննարկումներ գաղափարների, լուծումների մասին, հասկանալու համար, թե տվյալ տաղավարում գտնվողներից ով է իրենց կյանքն ավելի լավը դարձնելու:
Հեռուստաբանավեճից զատ, Հանրայինը պատրաստվում է արտահերթին մասնակցող ուժերին նաև այլ ձևաչափում խոսափող տրամադրել: Իսկ անվճար եթերաժամին զուգահեռ, Հանրայինում նաև վճարովի եթերից օգտվելու համար անհամեմատ ցածր շուկայական գին է սահմանվել: Վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը 45000 դրամ է: Առաջին ալիքի թիմն ակնկալում է՝ օբյեկտիվ ու համակողմանի լուսաբանման համար սահմանված նշաձողը կպահպանվի, իսկ քաղաքական բանավեճին մասնակից կդառնան բոլոր քաղաքական ուժերը: