Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի քննադատությանը: Խոսքն Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարման մասին է: «Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային մեր անօդաչու թռչող սարքերի վաճառքից: Սա առևտուր է: Ուկրաինայի հետ համաձայնության եկել ենք տարիներ առաջ»,- նշել է նա և հիշեցրել, որ Ռուսաստանը, իր հերթին, հրթիռներ է մատակարարում Սիրիային ու մյուս երկրներին, բայց թուրքական կողմը չի քննարկել դա: Սա պատասխանն էր Լավրովի հայտարարության, որով նա Թուրքիային և մյուս երկրներին հորդորել էր ձեռնպահ մնալ Ուկրաինայի իշխանության՝ ռազմատենչ տրամադրությունները սնող քայլերից:
Իսրայելը 2020-ին ավելի քան 8 մլրդ դոլարի զենք է վաճառել, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: «Անցած տարի մենք ակտիվ աշխատել ենք՝ խորացնելու գործակցությունը մեր դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում և հաստատակամ ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Ըստ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ նախորդ հինգ տարում Իսրայելն ավելի քան 740 մլն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին:
Գերմանիան մերժել է զենք մատակարարելու՝ Ուկրաինայի դիմումը՝ պնդելով, թե երկրի արևելքում ձգձգվող հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների ուղենիշը մնալու է այդ մոտեցումը, զենքի մատակարարումները խնդրի կարգավորմանը չեն նպաստի»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը։
Ռուսաստանից Թուրքիա թռիչքներ չեն լինի ևս 20 օր: Մոսկվայի որոշման պատճառը Թուրքիայում համաճարակաբանական բարդ իրադրությունն է: Ռուսաստանը վերականգնել է թռիչքները 8 երկրի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ:
Եվրամիությունը պատրաստ է օգտագործել իր զինանոցի բոլոր գործիքները՝ Թուրքիայի վարքագիծը փոխելու համար՝ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ընդգծել, որ հարցը քննարկվում է ԵՄ անդամ երկրների, հատկապես, Հունաստանի ու Կիպրոսի հետ: «Անցյալում մենք նկատել ենք, որ Թուրքիան կարող է մեկ քայլ առաջ անել, այնուհետև երկու քայլ հետ: Մենք միամիտ չենք: Թուրքիան հարևան երկիր է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Եվրամիության համար հիմնարար է համոզվել, որ այդ երկիրը դրական դիրքորոշում ունենա եվրոպական շահերի նկատմամբ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Կովկասը: Նախկինում այս հակամարտությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չէր բխում Եվրամիության շահերից»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը: