Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն է անցկացվել Երևանում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են օրինախախտ վարորդների։ Ուժեղացված ծառայությանը հետևում ել են ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը։
«Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին չամրակապված վարորդներն ու ուղևորները։ Նրանց հայտնաբերելուց հետո ճանապարհային ոստիկանները առաջարկում էին փորձասարքի վրա ստուգել ամրագոտի կապելու արդյունավետությունն ու անհրաժեշտությունը։
Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 15 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեցին ոչ սթափ՝ 4, և վարորդական իրավունքի վկայականից զրկված 1 վարորդ։ Մեկ մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, հինգը հետախուզման մեջ էր, ութը չուներ ԱՊՊԱ պայմանագիր, մեկի համարանիշն էլ փոխված էր։
Նշված և այլ խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 5 տասնյակ արձանագրություն։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։