Կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը: Հայեցակարգով ՀՀ կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ: Հայեցակարգը սահմանում է ՀՀ-ում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախ խմբերը և նպատակները՝ միգրացիայի կառավարման և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում, անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում, միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում, միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում և այլն:
Միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվող բարեփոխումները սահմանների կառավարման, փաստաթղթային անվտանգության, վերադարձի ու վերաինտեգրման, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում կնպաստեն ԵՄ-ի հետ կապերի ամրապնդմանը և ճանապարհ կհարթեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար։ Նախատեսվող բարեփոխումները նաև թույլ կտան ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում՝ դյուրացնելով աշխատուժի շարժունակությունը և նպաստելով տնտեսական զարգացմանը։
Հայեցակարգը հիմք է հանդիսանալու իրենից բխող հետևյալ չորս ծրագրերի մշակման համար՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման, միգրացիոն հոսքերի կառավարման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման, հայրենադարձության խթանման:
Արդյունքում կմեծանա սահմանների կառավարման արդյունավետությունը, կբարձրանա միգրանտների տարբեր խմբերի ինտեգրվածության և իրավունքների պաշտպանվածության մակարդակը, կկրճատվի անկանոն և անօրինական միգրացիան: