Խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի իշխանության պաշտոնական հրավերով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը:
Օուեն Մըրֆի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար) - Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիթորինգը ևս կազմելու է այս դիտորդական աշխատանքի անբաժան մասը:
Դիտորդները Հայաստանում են ընտրական գործընթացի տարբեր բաղադրիչների գծով մասնագիտացված 11 փորձագետի թիմով: Եթե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը թույլ տա, առաքելության կազմը մինչև ընտրությունների օրը կընդլայնվի:
Օուեն Մըրֆի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար) - Հաջորդ շաբաթ ակնկալում ենք նաև 24 երկարաժամկետ ընտրական փորձագետների այցը Հայաստան, որոնք կտեղակայվեն երկրի տարբեր մասերում: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ անդամ պետություններից մենք խնդրել ենք ուղարկել 250 կարճաժամկետ փորձագետներ, որոնք կժամանեն հունիսին և Հայաստանում կաշխատեն 46 օր:
Խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական դիտարկումները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները կհրապարակեն քվեարկության հաջորդ օրը, իսկ ամբողջ գործընթացի ամփոփ զեկույցը կներկայացվի ընտրության ավարտից մոտ երկու ամիս անց: