Օմսկի մարզում հայտնաբերվել է մայիսի 7-ին որսի գնացած մարզային առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Մուրախովսկին, հայտնում է РБК-ն: Օմսկի մարզային կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Մուրախովսկին ինքն է դուրս եկել որոնողների մոտ: Նախկինում Մուրախովսկին այն հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, որտեղ անցյալ տարվա օգոստոսի վերջին տեղափոխեցին Ալեքսեյ Նավալնուն:
Մայիսի 7-ին Մուրախովսկին հեռացել է Օմսկի շրջանի անտառի որսորդական բազայից ու անհետացել: Նրան սկսել են փնտրել մայիսի 8-ին, հետախուզմանը ներգրավված էին ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր: Տեղանքի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում էին: Որսորդական բազայի տարածքը դժվարանցանելի է ու ճահճոտ:
Մինչև շրջանի նախարար նշանակվելը, Մուրախովսկին աշխատում էր որպես Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որտեղ 2020 թ. օգոստոսի 20-ին տեղափոխել էին Ալեքսեյ Նավալնուն: Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում:
Հիվանդանոցում Նավալնին ընկել էր կոմայի մեջ: Այդ ժամանակ գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտարարել էր, որ հիվանդի վիճակը պայմանավորված է արյան մեջ շաքարի կտրուկ անկումով: Նա նաև ասել էր, որ կարիք չկա Նավալնուն տեղափոխել Բեռլինի հիվանդանոց, ինչը ցանկանում էին ընդդիմադիր գործչի հարազատներն ու նրան բուժող բժիշկները:
Ավելի ուշ Նավալնուն, այնուամենայնիվ, տեղափոխեցին Բեռլին, որտեղ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ քաղաքական գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով: