«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ընտրական հանցագործությունների արարքները կոնկրետացնող, իսկ պատիժները խստացնող օրինագիծն այլևս օրենք է:
«Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր ապրիլի 28-ին։
Ըստ այդմ՝
1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Ի դեպ, կապ չունի՝ ընտրակաշառքը դու անձամբ ես տվել կամ խոստացել, թե միջնորդի միջոցով է արել, էական չի՝ ընտրակաշառքը ինչպես է ձևակերպվել, կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի.
3․ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով.
4. տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
Այս ամենն ինչու եմ գրում. բոլոր նրանք, ովքեր այս օրերին զբաղված են իրենց ընտրակեղծարարների հին բանդաները վերակենդանացնելու փորձեր կատարելով, թող հույս չունենան և բախտները չփորձեն, պատժվելու են:
Հետո չասեք՝ չենք զգուշացրել»,- գրել է պատգամավորը: