Տեխնոաշխարհը դռներն է բացում պատերազմի մասնակիցների առաջ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ ծրագիր են սկսել: Առաջնորդվում են վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետով: Առաջին գործը ուսուցումն է՝ ԱյԹի ընկերությունները նախ կսովորեցնեն տղաներին ոլորտի առանձնահատկությունները:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Որակյալ աշխատանքից առաջ մենք նաև կարևորում ենք որակյալ կրթությունը, որը հնարավորություն կտա աշխատաշուկայում ավելի մեծ պոտենցիալով ինտերգրվել, և այս ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ստանալ և՛ կրթություն, և՛ նաև հետագայում հնարավորություն կունենան ոլորտում՝ մրցակցային պայմաններում, ապահովել բավականին որակյալ և բարձր վարձատրվող աշխատանք:
Աշխատավարձը բարձր է՝ միջինը 800 հազար դրամ՝ բարձրացման միտումով՝ հստակեցնում է Հակոբ Արշակյանը: Ոլորտը պատահական չի ընտրվել, հատկապես որ, մասնագետների պահանջն ավելանում է գրեթե ամեն օր: Առաջիկա 5 տարում ՏՏ ոլորտը 20000 նոր մասնագետի կարիք կունենա:
Հակոբ Արշակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Նաև հավելյալ հնարավորություններ նույնպես, ըստ անհրաժեշտության, մենք պայմանավորվեցինք, որ կստեղծվի, խոսքը շուրջ 200 մասնագետներ կրթելու մասին է: Հետագայում այս թիվը նույնպես կարող է աճել՝ ըստ պահանջարկի: Կոչ եմ անում պատերազմի մասնակիցներին մասնակցել այս վերապատրաստման դասընթացներին՝ նոր հնարավորություններ ստանալով մուտք գործել դեպի ԱյԹի ոլորտ:
Սովորել, վերապատրաստվել, ապա աշխատել: Բաց են նաև միջազգային շուկայի դռները: Սկզբի համար անհրաժեշտ են միայն ֆիզիկամաթեմատիկական բազային գիտելիքներ:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Առաջինը՝ բնականաբար, ցանկությունն է, դիմում են մեր միասնական սոցիալական տարածքային կենտրոններ, մեր մասնագետները իրենց հետ կսկսեն աշխատել՝ սկզբից հասկանալու՝ արդյոք իրենք ցանկանո՞ւմ են, մասնագիտական կողմնորոշում կարվի, դասընթացների ընթացքում իրենք կստանան նաև կրթաթոշակներ:
Վիկտորիա Պողոսյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Կան շատ նեղ տեխնիկական ուղղություններ և կան ուղղություններ, որոնք շատ խորը տեխնիկական գիտելիք չեն պահանջում, բայց իրենց կարիքը կա՝ փրոջեքթ մենեջմենթն ա, փրոդուքտ մենեջմենթն ա, որ հայթեքում՝ ՏՏ ընկերություններում շատ պահանջված են մարդիկ, որ պիտի համակարգեն տարբեր պրոյեկտներ: Ինքը շատ ճկուն ա:
Հաջողության գրավականը ցանկությունն է, հորդորում են պատերազմին մասնակցած ու տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր տղաներին դիմել ծրագրին: Հուշագիր ստորագրած գերատեսչությունները հույս ունեն՝ մինչև տարեվերջ արդյունքը տեսանելի կլինի: