Սուրեն Ալոյան («Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ) - Նորարաարկան տեխնոլոգիաներով ստեղծել նորարարական կրթական համակարգ. սա էր գլխավոր նպատակս:
Ուսումը Միացյալ նահանգներում ավարտելուց հետո 2009-ին Հայաստան եկավ, նպատակն իրականություն դարձրեց: «Դասարան էյ էմ» կրթական ծրագրով ոլորտում հեղափոխություն արեց ու նոր օրակարգ թելադրեց: Թիմով դպրոցների կառավարման համակարգ ստեղծեցին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը դարձնելով թափանցիկ: Օնլայն հարթակն արդեն 12 տարի համախմբում է Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներին: 2016-ին ՄԱԿ-ը «Դասարան էյ էմ»-ը ճանաչել էր աշխարհի 5 լավագույն նորարար ծրագրերից մեկը: Սուրենի գործունեությունն այս տարի նկատել են նաև համաշխարհային տնտեսական ֆորումում: Առցանց միջոցառման ժամանակ նրան ճանաչել են «Երիտասարդ գլոբալ առաջնորդ»:
Լուրը օրեր առաջ է ստացել՝ էլեկտրոնային նամակով, անակնկալի է եկել:
Սուրեն Ալոյան - «Նոմինացված եք...» կարդալը մեծ երջանկություն էր:
Սուրեն Ալոյանի անունն արդեն հաղթողների ցանկում է: Թե որ հեղինակավոր կառույցն է իր թեկնածությունն առաջադրել՝ չգիտի: Սովորաբար դրանք գաղտնի են արվում: Հազարավոր մասնակիցներից այս տարի ընտրել են գլոբալ օրակարգ առաջարկող 120 երկրի ներկայացուցչի: Սուրենը նման պատվի արժանացած առաջին հայաստանցին է:
Սուրեն Ալոյան - Եթե այս կառույցը նկատել է մեր կողմից կրթական ոլորտում իրականացվող աշխատանքները, գնահատել է նորարարական մոտեցումները, դա հնարավորություն կտա մեր երկիրը աշխարհին ներկայացնել կրթություն արտահանող պետություն:
Առաջիկա 5 տարվա ընթացքում Սուրենը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանը Համաշխարհային Տնտեսական Ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդներ»-ի համայնքում։ Տարբեր հարթակներում կհանդիպի ու կծանոթանա աշխարհի նորարար գաղափարներ առաջարկող մարդկանց հետ, իմացածն էլ կծառայեցնի երկրի զարգացմանը:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան