Սիրիայի տասնամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ կամայական կալանավորված տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեռևս անհետ կորած են համարվում: Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի հետաքննության արդյունքում՝ փոխանցում է BBC-ն:
Հազարավոր մարդիկ էլ կտտանքների են ենթարկվել կամ սպանվել բանտերում: Տվյալները հրապարակվել են նոր զեկույցում, որն արվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցանքի գործով հետաքննություն անցկացնելու նպատակով:
Տուժածներն ու ականատեսներն այդ ամենը նկարագրում են որպես «աներևակայելի տառապանք», որի ժամանակ գրանցվել են նաև 11-ամյա աղջիկների ու տղաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր:
Զեկույցում նշվում է, որ դա «համազգային տրավմա» է:
2011-ից մեկնարկած սիրիական պատերազմը խլել է առնվազն 380 հազար մարդու կյանք: Հակամարտության պատճառով տներից հեռացել է Սիրիայի բնակչության կեսը, այդ թվում՝ մոտ 6 միլիոն մարդ փախստական է դարձել ու լքել հայրենիքը: