Առավոտից զարգացող իրադարձություններին պարբերաբար արձագանքում և գնահատականներ էին տալիս բարձրաստիճան պաշտոնյաները, հոգևոր ու աշխարհիկ կառույցները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահգություն է հայտնել՝ հայտարարելով. «Մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը հորդորում է Հայաստանի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի»:
Զգաստության, սթափության ու զսպվածության կոչ է արել Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանը հայտարարել է՝ «այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք, նորից ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում ենք, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների»: Նախագահը հորդորել է չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից, նշելով՝ «մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունն ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ»:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի նախագահը: «Հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով»: Արայիկ Հարությունյանը գրել է, որ Երևանում է և պատրաստ է միջնորդի՝ իր ական առաքելությունը բերել՝ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում:
Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններից և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: Կառույցը կոչ է արել քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի անվտանգությանը և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության ռիսկերը, հանրային ու սոցալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները կարող են հանգեցնել մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների: Գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ Սահմանադրության շրջանակում և խուսափել անպատասխանատու քայլերից, Զինված ուժերն իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացի մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից:
Երկրում ստեղծված իրավիճակը բոլորից պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ. Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարությունում է ասվում: Արման Թաթոյանը նշել է՝ «չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում»: