ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է կանադացի հայտնի գրող Լուիզ Պենի հետ գիրք գրել համաշխարհային դավադրության մասին` հայտնում է ТАСС-ը:
Գրքի հերոսը ԱՄՆ պետքարտուղարուհին է, որին հանձնարարված է թիմ հավաքել վտանգավոր դավադրությունը բացահայտելու համար՝ ներկայացնում է Simon & Schuster հրատարակչությունը:
«State of Terror» վերնագրով գիրքը, որը կարելի է թարգմանել և՛ «Ահաբեկչության վիճակ», և՛ «Ահաբեկչության պետություն», նախատեսվում է թողարկել հոկտեմբերի 12-ին: Դա կլինի Քլինթոնի առաջին գեղարվեստական գիրքը:
Simon & Schuster հրատարակչության հետ Քլինթոնն աշխատում է ավելի քան 15 տարի: Նրա վերջին գրքում՝ «Ի՞նչ է պատահել» (2017), քաղաքական գործիչը խոսել է 2016-ի նախագահական մրցավազքին իր մասնակցության մասին: Գիրքը դարձել է բեսթսելլեր, միայն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է գրքի ավելի քան 300 հազար օրինակ: