Թե ինչ գույնի է թելը, կախված է պլաստիկե տարայից: Այստեղ թափոնները վերամշակում են ու մի քանի կյանք տալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ այս արտադրամասում սարքերը գործի են դրել ու Հայաստանում առաջին անգամ պլաստիկից թել ու սինտեպոն են ստանում:
Մխիթար Ավետիսյան («Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ նախագահ) - 1 կգ շշից ստացվում է 800-900 գրամ սինտեպոն:
Սինտեպոնն էլ մանելով են թել ստանում: Թափոնների տեսակավորման գործը սկսել են դեռ 2018-ին: Պետական ու մասնավոր կառույցներում աղբի ահա այսպիսի արկղեր են տեղադրել ու մոտ 3 տարի հումքը հավաքել: 2020-ի «Դուբայ էքսպոյից» հետո՝ առաջին, ապա Նորվեգական մանրածախ բնապահպանական հիմնադրամից երկրորդ դրամաշնորհն են շահել, սարքեր ձեռք բերել ու անցել գործի: Հումքն այստեղ են բերում հանրապետության գրեթե ամբողջ տարածքից:
Մխիթար Ավետիսյան - Տեսակավորված թափոնները գործարան են գալիս ավելի քան 420 կազմակերպություններից՝ կրթական հատատատություններ, բիզնես պետական կառույցներ վերցնում են ու ուղարկում վերամշակման կայաններ:
Մինչև պլաստիկե անպետք իրերը իրացման ապրանք կդառնան, անցնում են արտադրական ոչ այնքան երկար շղթա:
Գագիկ Գևորգյան (ընկերության աշխատակից) - Հավաքված շշերը աղացվում մանր թերթիկների, հաջորդ փուլում չորացում են ստանում հաջորդ փուլում ստանուն են սինտեպոն:
Ստացած թելերից արդեն պայուսակներ են գործել: Սինտեպոնն էլ սպառում են տեքստիլ կազմակերպությունները: Նախկինում այս հումքը ներմուծվում էր, հիմա արդեն ներքին սպառման այլընտրանք կա՝ այն էլ ցածր գնով:
Վերամշակման արդյունքում այստեղ նաև պոլիէթիլենին են այլընտրանք առաջարկում: Պլաստիկից ահա այսպիսի շահավետ տոպրակներ են արտադրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի օգտվել հավելյալ զեղչերից, նաև բոնուս կուտակել: Անհրաժեշտ է նախ՝ ներբեռնել համապատասխան հավելվածը:
Առաջիկայում էկոտոպրակները կառաջարկեն բոլոր սուպերմարկետները, փոքր ու մեծ կրպակները:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան