«Արփա» բնապահպանական հիմնադրամի այցելուների կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հանդիպել են «Արփա» բնապահպանական հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Մաթևոսյանի, հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի և փոխտնօրեն Արթուր Լևոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկատվություն տրամադրվել համայնքների զարգացման ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ:
Քննարկվել է 2021թ. արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման պլանը, որտեղ արոտների արդյունավետ և նպատակային օգտագործման համար կերային կուլտուրաների մշակության մեջ հարկավոր է ներդնել նոր ծրագրեր:
Անդրադարձ է կատարվել վայրի կենդանիների (գորշ արջ) և մարդու միջև միջտեսակային գոյության պայքարի խնդիրների լուծմանը, մարզում բնության պահպանության մեխանիզմների բարելավմանը, էկոհամակարգի հավասարակշռությանը, կաթնասունների կազմին և թվաքանակին (մուֆլոն, բեզոարյան այծ, ընձառյուծ), ինչպես նաև համայնքների զարգացման տեսլականին:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը պատրաստվում է իր գործունեությունը ծավալել նաև Եղեգիս և Գլաձոր համայնքներում: