ՀՀ Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում:
«Այցելության ժամանակ քննարկվել է բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- հայտնում են Արարատի մարզպետարանից:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ:
«Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից, և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- ասված էր Արարատի մարզպետի հայտարարությունում: